Կիրակի՝ մայիսի 28-ին, Թուրքիայում,երկրի պատմության մեջ առաջին անգամ, անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, տեղեկացնում է Անադոլուն։
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08։00-ին և փակվելու են 17։00-ին։
Ամբողջ երկրով մեկ տեղադրվել է ավելի քան 191 հազ․ քվեատուփ։ Ընտրողների թիվը գերազանցում է 60 մլն-ը։
Մայիսի 14-ի առաջին փուլի քվեարկության արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը ձայների 50 տոկոսը չէր հավաքել, իսկ երկրորդ փուլ դուրս գալու իրավունքը ստացել էին «Ժողովրդի միության» թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (49,52%) և «Ազգի միության» թեկնածու, Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն (44,88%)։
«ԱԹԱ դաշինքի» թեկնածու Սինան Օհանը, որը մայիսի 14-ի քվեարկությանը հավաքել էր ընտրողների ձայների 5,17%-ը, իր կողմնակիցներին կոչ է արել պաշտպանել Էրդողանի թեկնածությունը։
Ձայների հաշվումը սկսվելու է տեղական ժամանակով 17։00-ին ընտրատեղամասերը փակվելուց հետո։
Այն ընտրողների համար, որոնք առողջական պատճառներով չեն կարող ընտրատեղամասեր գալ, գործելու են «շարժական քվեատուփեր»։
Ինչպես մայիսի 14-ի ընտրություններին, տեսողության խնդիրներ ունեցող անձինք, կարող են քվեարկել հատուկ պատրաստված շաբլոնով։
Արտասահմանում ապրող Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունն ավարտվել է մայիսի 24-ին։ 73 երկրում և ՀԱԿ-երում քվեարկել է ընդհանուր առմամբ 3,5 մլն ընտրող։
Քվեատուփերն արտասահմանից Անկարա են բերվել ինքնաթիռներով և դիվանագիտական փոստով։ Դրանք բացվելու են կիրակի երեկոյան, մյուս քվեատուփերի հետ միասին քվեարկության ավարտից հետո։
Ընտրությունների արդյունքների հեռարձակման արգելքը գործելու է մինչև մայիսի 28-ի 21։00-ը։ ԿԸՀ որոշմամբ, արգելքի ժամկետը հնարավոր է օրենքով սահմանված ժամանակից շոււտ հանել։





























