Ցեղախմբերի մոտ 33 զինյալ է վերջերս սպանվել Հնդկաստանի ծայր հյուսիսարևելյան Մանիպուր նահանգում՝ տարածաշրջանում էթնիկ բախումներից հետո անվտանգության ուժերի շարունակական գործողության ընթացքում, կիրակի հայտնել է նահանգի գլխավոր նախարարը, տեղեկացնում է Reuters-ը։
Վերջին շաբաթներին Մյանմային սահմանակից նահանգում լարվածության աճ է նկատվում․ անկարգությունների և էթնիկ բախումների հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել և 35 հազ․-ը հարկադրված են եղել լքել իրենց տները։
Բռնությունը սկսվել է մայիսի 3-ին, երբ ցեղախմբերը բախվեցին ոչ ցեղախմբային մեյթեի էթնիկ մեծամասնության հետ՝ ցեղախմբերին հատկացվող տնտեսական արտոնությունների ու քվոտաների պատճառով։
Կիրակի գլխավոր նախարար Բիրեն Սինգհը տեղեկացրել է լրագրողներին, որ ներկա պահին շուրջ 33 զինյալ է սպանվել։
«Տեղանքը սանրելու զանգվածային գործողություններ են իրականացվում ուղղաթիռների մասնակցությամբ։ Փորձում ենք գտնել մեղավորներին, այն զինյալներին, որոնք հարձակվում են խաղաղ բնակիչների վրա»,- ասել է նա։





























