Երեկվանից չեն աշխատում Վանաձորից Երեւան մեկնող միկրոավտոբուսները: Այս մասին տեղեկացնում է «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը:
«Ավտոկայանից դրանք ուղղակի բացակայում են: Այս մասին «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությանը հայտնում են Վանաձորի թվով 10 քաղաքացիներ:
Նրանց խոսքով, փոխարենը տաքսիներ են աշխատում, որոնք մեկ անձի համար պահանջում են նախկին 1500-2000-ի փոխարեն 2500-3000 դրամ:
Վանաձորի «Վանաձոր» ավտոկայանի տնօրենին եւս ոչ մի կերպ չեն կարողանում գտնել, զանգահարում են նաեւ թեժ գիծ, որն այս պահն բավականին սառն է. ոչ մեկ չի պատասխանում:
Վանաձորի ավտոկայանում առավոտվանից Երեւանի տրանսպորտին են սպասում մի խումբ քաղաքացիներ, որոնք ճարահատյալ օգտվում են տաքսի ծառայությունից:
Վանաձորցիները տրանսպորտի բացակայությունը կապում են մայրաքաղաքում ընթացող հանրահավաքի ու նստացույցի հետ:
Հիշեցնենք, որ սույն արարքով Վանաձոր-Երեւան երթուղին սպասարկող ընկերությունը կոպտորեն խախտում է մարդու` ազատորեն տեղաշարժվելու իրավունքը:
Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը մի խումբ քաղաքացիների անունից գրավոր տեսքով պատրաստվում է դիմել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին եւ Տրանսպորտի պետական տեսչությանը:


























