Երեւանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում Ուսուցչի օրվա կապակցությամբ դրամահավաքություն է ընթանում: Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին` Անահիտը, ում երեխաներն այդ դպրոցի 4-րդ դասարանում են սովորում: «Երբ երեկ գնացել էի երեխայիս դպրոցից վերցնելու, մենակ տեսնեիք, թե ինչ էր կատարվում դպրոցի բակում: Ծնողկոմիտեի անդամները տետրերով-գրիչներով դպրոցում այստեղից այնտեղ էին վազում, մեկը գումար է տալիս, մեկը մանրում է գումարը, ոնց որ change լիներ, մտածում եմ` տնօրենը, ուսուցիչները, պահակը չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում»,- պատմեց Անահիտը:

Նրա խոսքով` տարբեր դասարաններում հավաքվող գումարի չափը տարբեր է. օրինակ` 1-ին դասարանում` 1500 դրամ, 4-րդ դասարանում` 600 դրամ  (ցանկանում էին 1000 հավաքել), բարձր դասարաններում` մինչեւ 2000 դրամ: Ծնողի խոսքով` ամեն տարի գումար են հավաքում, դնում ծրարի մեջ եւ տալիս տվյալ դասարանի դասղեկին, իսկ դասղեկներն ու տնօրենն էլ միշտ հայտարարում են, որ դեմ են դրամահավաքությանը, բայց միշտ էլ վերցնում են այդ գումարը:

«Ես չեմ մասնակցում դրամահավաքությանը, դեմ եմ, դա գեղեցիկ երեւույթ չի, ասել եմ` եկեք բացիկներով շնորհավորենք: Ուսուցիչը, տնօրենն էլ ժողովներին միշտ ասել են, որ ոչ մի դրամահավաքություն թող չլինի, մենք դեմ ենք, բայց փաստորեն վերցնում են, եթե հավաքում են էս մարդիկ: Եթե երկու անգամ հետ վերադարձնեին, ծնողներն էլ վատ կզգային ամեն անգամ տանել դեմ տալ էդ փողը»,- ասաց ծնողը:

Հարցին, թե ինչո՞ւ են ծնողները գումար հավաքում, Անահիտը նշեց. «Դա պատճառաբանում են, որ «երեխաները 4-րդ դասարան են, որպեսզի քննությանը լավ նայեն», մինչդեռ մեզ դիմած ծնողը պնդում է. «Դպրոցը ուսումնական հաստատաություն է, ոչ թե բիզնես կենտրոն»:

Հատկանշական է, որ ընդամենը 2 օր առաջ` սեպտեմբերի 30-ին, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին, որում կոչ է արվել խիստ միջոցներ ձեռնարկել «Ուսուցչի օրվա» առիթով դպրոցներում կատարվող անօրինական դրամահավաքները կանխելու ուղղությամբ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Թեժ գիծ» հեռախոսահամարով ստացված ահազանգերը:

Նշենք, որ Ուսուցչի օրը Հայաստանում նշում են հոկտեմբերի 5-ին: