Հայ-թուրքական արձանագրությունների Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրումից հետո առաջին անգամ, Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Մարտինովի Երեւան կատարած այցի շնորհիվ, հայ լրագրողներին հնարավորություն ընձեռվեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղել օրախնդիր հարցեր։ Դրանք բավական շատ էին, իսկ այ ժամանակը, ինչպես միշտ, սուղ։ Այնուամենայնիվ, Նալբանդյանը հասցրեց հետաքրքրական մի քանի հայտարարություններ անել,- հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Այն հարցին, թե արդյո՞ք նա իրեն «նվաստացած ու վիրավորված» չէր զգում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ, երբ նրա հետեւում, այդ փաստաթղթերի հակառակորդների կարծիքով, կանգնած էին նրանք, ովքեր ճնշում էին գործադրել փաստաթղթերի ստորագրման նպատակով, Նալբանդյանը պատասխանել է. «Չգիտեմ, թե ով պետք է իրեն նվաստացած զգար։ Երեւի նա, ով տառապում է մազոխիստական դրսեւորումներով»։

Ըստ Նալբանդյանի, նրանք, ովքեր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ կանգնած էին իր հետեւում (դրանք էին ԱՄՆ պետքարտուղարը, ՌԴ ու Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները եւ ԵՄ պատասխանատու պաշտոնյաները – NEWS.am) եղել են «միջնորդներ ու համախոհներ, սակայն ոչ մի դեպքում ճնշում գործադրողներ»։

«Աշխարհի բոլոր երկրները, բացառությամբ մեկի կամ երկուսի, աջակցել են այդ գործընթացին, եւ ճնշում չեն գործադրել մեզ վրա։ Դա Հայաստանի նախաձեռնությունն էր։ Թուրքիայի հետ համատեղ մենք եկանք նման համաձայնությունների»,- նշել է նա։ «Անցել են այն ժամանակները, երբ կարելի էր կարծել, որ Հայաստանին կարելի է ճնշելով ստիպել գնալու այս կամ այն քայլի»,- ընդգծել է Նալբանդյանը։