Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքով, այդ գոտում առավոտից վերսկսվել են փրկարարական աշխատանքները, որոնց խոչընդոտում է տեղացող անձրեւը:

Ինչպես հայտնում NEWS.am–ի թղթակիցը դեպքի վայրից, տեղումների պատճառով ավելանում կրկնակի սողանքի հավանականությունը: Այս պահի դրությամբ երեք քաղաքացիներ համարվում են անհայտ կորած. ազգականները դիմել են իրավապահ մարմիններին, չի բացառվում, սակայն, որ անհայտ կորածների թիվն ավելանա: ՈՒթ մարդ տեղափոխվել է Նոյեմբերյանի եւ Ալավերդիի հիվանդանոցներ` մեկը կոտրվածքով, մնացածը թեթեւ վնասվածքներով:

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման համար Հայաստանի վարչապետի որոշմամբ, օպերատիվ շտաբ է ստեղծվել (Ֆոտոռեպորտաժ): Ներկայումս, սողանքի հետեւանքով փլուզված M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Բագրատաշեն ուղղությունը: Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհով երթեւեկելուց: