Չորս տարի անընդմեջ դուք զրականքների գնով պայքարում եք Հայաստանում սահմանադրական կարգի եւ ձեր ոտնահարված իրավունքների վերականգնման համար: Չորս տարի անընդմեջ իշխանություններին չի հաջողվել կոտրել ձեր աննկուն կամքը, լռեցնել ձեզ ո’չ աննախադեպ բռնությամբ, ո’չ հետապնդումներով ու սպառնալիքներով:
Պատահական չէ, որ անկախության 20-ամյակին դուք նորից Ազատության հրապարակում եք, քանի որ 20 տարի առաջ դուք ստանձնել եք ոչ միայն Հայաստան երկրի ու սեփական ճակատագիրը կերտելու, այլեւ սեփական երկրին տերը կանգնելու պատասխանատվությունը: Այսօր Ազատության հրապարակը Հայաստանի, սեփական ընտանիքի ու զավակի ապագայով մտահոգ արժանապատիվ ու պահանջատեր քաղաքացիների տունն է ու հարթակը, իսկ ձեր մասնակցությունը` Հայաստանի առաջընթացի ու զարգացման միակ գրավականը: Իշխանությունները շարունակում են կիրառել ձեզ պատժելու, ձեր ձայնը լռեցնելու իրենց ծանոթ բոլոր միջոցները, ավելին այսօր նրանք չեն խորշում ձեր դեմ պայքարել առավել ստոր եւ նենգաբարո հնարքներով: Բայց հայ ժողովրդի «տառապանքը փորձ ունի», եւ դուք այս փորձությանն էլ կդիմանաք: Ամերիկահայությունը ձեր կողքին է եւ միշտ ձեր կողքին կլինի քանի դեռ Հայաստանում չի վերականգնվել սահմանադրական կարգը, քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվել օրինակարգ իշխանություն, քանի դեռ Հայաստանի ժողովուրդը պայքարում է ապահով, բարեկեցիկ ու իրավական պետությունում ապրելու իր իրավունքների համար: Կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը:Կեցցե’ Հայաստանի Հանրապետության ազատ, հպարտ ու պահանջատեր քաղաքացին»:




























