Ամենագլխավոր հայտարարությունը պարունակում են հենց հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները, իսկ բոլոր մեկնաբանություններն ու հայտարարությունները երկրորդական բնույթ են կրում։ Այս մասին հոկտեմբերի 30-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ըստ նրա, ինքնին արձանագրություններում չկան ոչ մի նախապայմաններ։ «Երկու կողմերը պարտավորություն են ստանձնել արձանագրությունները վավերացնել խելամիտ ժամկետներում եւ հաշվի առնելով սահմանադրական բոլոր գործընթացները»,- ընդգծել է նա։ Այն հարցին, թե արդյո՞ք ներքին օգտագործման համար չի նախատեսված հայկական կողմի այն պնդումը, թե հայ-թուրքական գործընթացը կապված չէ ղարաբաղյան հակամարտության հետ, Նալբանդյանը նշել է, որ «դա պնդում չէ, այլ պաշտոնական դիրքորոշում ու պաշտոնական հայտարարություն»։ «Կապի բացակայության մասին ասում է ոչ միայն Հայաստանը, այլեւ դրա մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- նշել է նա՝ հավելելով, որ այսպիսով, դա նաեւ միջազգային հանրության դիրքորոշումն է։




























