«Հայաստանի իշխանություները ցեղասպանությունը սկուտեղի վրա մատուցեցին Թուրքիային, բայց սահմանը չի բացվել եւ չի բացվելու»: Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի առաջաին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
Վերջինիս նման եզրահանգման առիթ է տվել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ հայ-թուրքական մերձեցման գործըթնացը շաղկապում են ղարաբաղյան կարգավորման հետ: «Որ օրը սահմանները բացվեն, ես կարձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում տեղի է ունեցել հանգուցալուծում»,- ազդարարել է Արման Մուսինյանը:
Վերջինս նաեւ արձանագրել է, որ «Ցյուրիխյան ուրացումից հետո առավել ակտիվանալու են վտանգավոր զարգացումները ղարաբաղյան կարգավորման գործընթացում, եւ դրանք Հայաստանին որեւէ լավ բան չեն խոստանում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների հաստատման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեն նաեւ երկու երկրների խորհրդարաններում:




























