Հայաստանի մի շարք ՀԿ-ներնամակ են հղել ԵԽԽՎ անդամներին, ԵԽ Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, որտեղ իրենց խորը հիասթափությունն ու մտահոգություններն են հայտնել` կապված սեպտեմբերի 8-ին ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւի նախագծի հետ:
Դրանք, ըստ նրանց, հակասում են ոչ միայն ԵԽԽՎ պահանջներին, որոնք մասնավորապես արտահայտվել են նախորդ՝ 1609 (2008), 1622 (2008), 1643 (2009) եւ 1677 (2009) բանաձեւերին, այլեւ հակասում է հենց ինքն իրեն, ինչպես նաեւ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի իշխանության սկզբունքներին, եւ արժեզրկում է ԵԽԽՎ մոնիտորինգի ընթացակարգն ընդհանրապես:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Բանաձեւի նախագիծը եւ հետեւող զեկույցը իր ձեւով եւ ոգով ոչ միայն չի նպաստում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու ամրապնդմանը, այլեւ նույնիսկ ամրապնդում է երկրում մարդու իրավունքների խախման դեպքերում անպատժելիության զգացումը»,-ասված է նրանց ուղարկած նամակում: Հ/Կ-ներն անընդունելի են համարում մասնավորապես հետեւյալը.
1. Նախ, հայաստանյան ժողովրդի, ինչպես նաեւ միջազգային հանրության ճնշման ներքո 2011-ի գարնանը Սերժ Սարգսյանն ընդունեց, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերը, մասնավորապես՝ առնվազն 10 քաղաքացիների սպանությունը, պատշաճ կերպով չեն հետաքննվել եւ հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին վերաքննել գործը: Մինդեռ, ոչ մի առաջընթաց հետաքննությունը չի արձանագրել: Ավելին, իրավապահ պաշտոնյաների բոլոր հայտարարությունները բացահայտ վկայությունն են այն բանի, որ ներկա իշխանությունները մտադիր էլ չեն բացահայտել գործը: Սա ցույց է տալիս, որ Հայստանի իշխանությունների բոլոր քայլերն ու հայտարարությունները զուտ իմիտացիոն բնույթի են եւ նպատակ ունեն քողարկելու հանցագործությունը, խուսափելու արդարադատությունից եւ խաբելու միջազգային հանրությանը: Չգիտես ինչու, Մոնիտորինգի հանձնաժողովը ոչ միայն անտեսում է այս փաստերը, այլեւ անգամ նախօրոք ընդունում է այսպես կոչված «հետաքննության» ապագա զրոյական արդյունքը եւ նույնիսկ ցույց է տալիս մեր իշխանություններին՝ կյանքի իրավունքի պես կարեւորագույն իրավունքները խախտելու պարագայում պատասխանատվությունից խուսափելու «լավագույն» ձեւերը: Այնուհետեւ, հիմնվելով վերոհիշյալ կողմնակալ մոտեցման վրա, Հանձնաժողովը պատասխանատվություն է ստանձնում հայտարարելու, որ «2008-ի մարտյան դեպքերի գլուխը կարելի է վերջապես փակված համարել»՝ այսպիսով ակնառու հնարավորություն տալով չբացահայտված հանցագործներին փախչել ազգային եւ անդրազգային պատասխանատվությունից: (11. Վեհաժողովը հաշվի է առնում 2008-ի մարտյան դեպքերի ընթացքում պատահած 10 սպանությունները հետաքննելու նոր ջանքերը նշանակում են, որ 2008-ի մարտյան դեպքերի էջը կարելի է վերջապես փակված համարել: Վեհաժողովը հաշվի է առնում, որ. 3.2. նշված դեպքի ժամանակ, երբ անհատական պատասխանատվություն չի կարող կայացվել, պատճառները պետք է ամբողջությամբ բացատրվեն հետաքննության զեկույցում; 3.5. իշխանությունները պետք է հրապարակեն զեկույցը մինչեւ 2011-ի ավարտը կամ էլ նկատի ունենան միջանկյալ զեկույցի հրապարակում:)
2. Երկրորդ, անգամ չհիշատակելով Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքացիների ընտրական իրավունքի շարունակական եւ վայրի ոտնահարումները՝ որպես 2008-ի մարտի 1-ի դեպքերի իրական պատճառ, լռության մատնելով այնպիսի խայտառակ փաստը, ինչպիսին բանակի ապօրինի ներգրավումն է ներքին քաղաքականությանը, եւ լիովին ընդունելը Հայաստանի ներկա իշխանությունների ներկայացրած աղավաղված պատճառաբանությունները, դրանով իսկ թույլատրելով նրանց խուսափել վերոհիշյալ հանցագործությունների համար պատասխանատվությունից եւ նույնիսկ նրանց դրական գնահատելով ակնհայտ իմիտացիոն գործողությունների համար, ներառյալ՝ այսպես կոչված օրենսդրական բարեփոխումների, որ բացառապես նպատակ ունի պաշտպանել զավթված իշխանությունը, Հանձնաժողովը խրախուսում է նման բռնությունների կրկնությունը: (2. Վեհաժողովը ի նկատի է առնում Ազգային Ժողովի Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության գործերով ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը եւ համարում է, որ, չնայած մի շարք թերություններին, դրա հանձնարարականները արդյունավետ հիմք են հանդիսանում 2008-ի մարտյան դեպքերի պատճառների վերհանման եւ հետագայում նման իրավիճակների զարգացումը կանխելու համար:)
3. Եվ վերջապես, այս փաստաթղթում հեղինակներն ակնհայտորեն գերազանցել են իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակը եւ անթաքույց կերպով անտեսել են բազմաթիվ միջազգային փաստաթղթերում եւ ազգային օրենքներում ամրագրված՝ ժողովրդավարության այնպիսի հիմնարար եւ կարեւորագույն սկզբունք, ինչպիսին ժողովրդի կամարտահայտումն է ընտրությունների ժամանակ՝ հերթական թե արտահերթ: Հանրահայտ փաստ է, որ արտահերթ ընտրությունները Հայաստանի ժողովրդի պահանջն են եւ իրավունքը, արտահերթ ընտրություններն են հայաստանցիները համարում ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վերականգնման միակ ճանապարհ: Ցանկացած ժողովրդավար երկրի, նույնիսկ՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են կատարել ժողովրդի պահանջները, ներառյալ՝ արտահերթ ընտրությունների պահանջը: Այսպիսով, իշխանությունների պատրաստակամության մակարդակը կամ ժամկետները չեն կարող վավերական համարվել եւ հակասում են ԵԽԽՎ մոնիտորինգի գործընթացի նպատակներին, որը ոչ մի դեպքում չպետք է ստորադասի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքները՝ պատրանքային կայունությանը: (56. … Մենք արդեն հիշատակել ենք ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության եւ ընտրությունների մասնակիցների վստահության կարեւորությունը: Սրա համար պահանջվում է ընտրական վարչարարների եւ ընտրություններում մրցակցող կողմերի պատրաստում եւ պատշաճ ժամանակ: Մենք որոշ մտահոգություններ ունենք, որ արտահերթ ընտրությունները կխաթարեն ընտրությունների անցկացման որակը եւ այդպիսով չեն նպաստի ընտրական գործընթացների նկատմամբ անհրաժեշտ վստահությանը:)
«Վերոշարադրյալից ելնելով, մենք կոչ ենք անում Վեհաժողովին՝ առկա փաստերին եւ Հայաստանի իրողություններին համապատասխան վերանայել բանաձեւի նախագծի բովանդակությունն ու շարադրանքը եւ ընդունել համարժեք բանաձեւ: ԵԽ ցանկացած անդամ-պետությունում, այդ թվում՝ Հայաստանում, մեր համընդհանուր արժեքների եւ սկզբունքների ոտնահարման նկատմամբ Վեհաժողովի գործակցությունն/ /անգործությունն ու հանդուրժողականությունը հակասում է Կազմակերպության հիմնադրման սկզբունքներին, նպաստում է նմանատիպ բռնությունների կրկնությանը, ստվեր է նետում ԵԽ-ի վստահելիության վրա՝ եվրոպական ազգերի եւ միջազգային իրավապաշտպան հանրության աչքերում»:
Նամակը ստորագրել են.
Ալլա հովհաննիսյանը` «Մարտի 1» հ/կ
Նատալյա Մարտիրոսյանը` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Հայաստան
Վարդան հարությունյանը` Իրավունքի եւ ազատության կենտրոն
Արթուր Սաքունցը` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Միքայել Դանիելյանը` Հելսինկյան ասոցիացիա
Մելիսսա Բրաունը` Շահխաթուն կանանց ժողովրդավարության աջակցության հ/կ
Բելլա Սարգսյանը` Երիտասարդություն հանուն ժողովրդավարության հ/կ
Հռութ Գրիգորյանը` Ադվոկատս ինտերնեյշնլ




























