Մի խումբ արվեստագետներ նամակով դիմել են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսին` Արցախի ազատագրական պատերազմի մասնակից, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանին` ՀՀ քաղաքացիություն տալու կապակցությամբ:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Խնդիրը վերաբերվում է Լիբանանի քաղաքացի, 1990 թվականից առ այսօր իր ընտանիքի հետ Հայաստանում բնակվող, Արցախի ազատագրական պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելուն Հայաստանի իշխանությունների կողմնակալ կեցվացքին, որի հետեւանքով 2004թ., 2006թ. եւ 2008թ. Ժիրայր Սեֆիլյանի դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար իշխանությունների կողմից հանիրավի մերժվել են: Իշխանությունները անտեսել եւ մերժել են Երեւանի 20 պատվավոր քաղաքացիների, հանրաճանաչ հայ անհատների, հազարավոր քաղաքացիների դիմումները Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրում: Մերժելով հայրենիքի քաղաքացի դառնալու նրա դիմումները ՀՀ իշխանությունը խարխլում եւ կասկածի տակ է դնում ազգային միասնությունը՝ այն հիմնարար գաղափարը, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը անկախ քաղաքական, կուսակցական եւ կրոնական պատկանելիությունից։

Աշխարհասփյուռ հայությանը միավորող գաղափարը կարմիր թելի նման անցնում էր Սփյուռք-Հայաստան 4-րդ համաժողովում արտասանած Ձեր ելույթի չորս հիմնավոր հարցերում։ Այդ դեպքում ինչ արժեք ունի Սփյուռքի նախարարի «Արի տուն» ձեւական ծրագիրը, երբ արդեն տուն եկած, հայրենի եզերք, հող ու հայրենիք պաշտպանած հայորդուն ապաստան ու քաղաքացիություն չեն տալիս հայրենիքում։ Այս հարցը արդեն դադարել է սոսկ  Ժիրայրի անձնական հարց դիտվելուց եւ սա արդեն իսկ քաղաքականություն է, տեսակի մերժում»:

Նշենք, որ օրենքով քաղաքացիություն շնորհելը Հայաստանի  նախագահի մենաշնորհն է, բայց նաեւ մեր բոլորի արժանապատվության հարցն է, որի հետեւանքով այս տեսակին փորձում են օտարել իր Հայրենիքից։

Նամակը ստորագրել են հետեւյալ արվեստագետները`

Զարուհի Սարգսի Մուրադյան` նկարչուհի, ՀՀ նկարիչների միության անդամ

Հրանուշ Խառատյան` ազգագրագետ

Սոնա Արշունեցի` գրող հրապառակախոս, հայ դատի պաշտպան։ Բրյուսել

Երվանդ Մանարյան` թատերական գործիչ