«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել փոխարժեքի ամենամեծ տատանումը 2011 թ. ընթացքում: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը բարձրացել է մինչեւ 376.50 դրամ:

Հիշեցնենք, որ ուրբաթ` սեպտեմբերի 30-ին բորսայում գործարքներ տեղի չեն ունեցել, իսկ սեպտեմբերի 29-ին միջինփոխարժեքը 373 դրամ էր: Մեկ առեւտրային նստաշրջանի ընթացքում 3.5 դրամ փոփոխությունը (0.94 տոկոս) այս տարվա ընթացքում ամենակտրուկ տատանումն է:

Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 6.4 մլն դոլար, չի բացառվում, որ ԿԲ-ն միջամտել է գործարքներին: Սակայն նկատի ունենալով վերջին օրերի բավական կտրուկ տատանումները` ԿԲ միջամտությունները ընդհանուր առմամբ արդյունավետ չեն:

Նկատենք, որ փոխարժեքային այս տատանումները բացառապես բանկային դիլերների սպեկուլյատիվ գործունեության արդյունք են: Այդ մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը, որ հանգստյան օրերին, երբ բորսայում գործարքներ տեղի չէին ունենում, ֆինանսական շուկան կայուն էր: