Իրանական մամուլը եւս անդրադառնում է հայ-թուրքական զարգացումներին։ «Երկկողմ հարաբերություների կարգավորման նպատակով Հայաստանի եւ Թուրքիայի դեվանագետների միջեւ ընթացող բանակցություններին զուգընթաց, Ադրբեջանը որդեգրում է հակաթուրքական դիքորոշում։ Այս պատճառով Թուրքիայի նախագահը իր կրտսեր եղբոր` Ադրբեջանի մտահոգությունները փարատելու համար հարկադրված է հանդես գալ թափանցիկ հայտարարություններով՝ նշելով, որ Բաքվի օգտին Ղարաբաղի հիմնահարցի լուծումը Անկարայի գերխնդիրներից է», գրված է իրանական «Համշահրի» օրաթերթում հրապարակված «Բաքուն`հայ-թուրքական հաշտեցման գործընթացում պարտվող կողմ» հոդվածում։

«Սակայն Թուրքիայի նախագահի հայտարարությունները որքանո՞վ են մոտ իրականությանը», հարց է տալիս հոդվածագիրը։ «Արդյո՞ք կարելի է հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունը այս շախմատային խաղում Ղարաբաղը տանուլ կտա իր երբեմնի հակառակորդին։ Թեեւ Շվեյցարիայի միջնորդությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարեւոր քայլեր են ձեռնարկվել եւ երկու երկրները գտնվում են սահմանների վերաբացման շեմին, սակայն պետք է ընդունել, որ Ղարաբաղի հարցի լուծումը, շատ հեռու է Թուրքիայի լավատես քաղաքական գործիչների պատկերացումներից։

Ղարաբաղի հարցում Ադրբեջանին տրված Թուրքիայի հավաստիացումներն ավելի շատ բառախաղի ու դիվանագիտական հաճոյախոսության տպավորություն են թողնում, քանի որ այսօր էլ քիչ չեն Ադրբեջանում այն գործիչները, որոնք Հայաստանի հարցում Թուրքիայի աջակցության մասին երազներ տեսնելու հույսով են գլուխները բարձին դնում։ Սակայն երազանքն ու իրականությունն այստեղ միանգամայն տարբեր են։ Ըստ երեւույթին, թուրքերը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում մեծ ռիսկի են դիմում, որին հասնելու համար Թուրքիան պետք է հրաժարվի կարծրատիպերից։ Այսօր Էրդողանին է վիճակված լուծելու այդ հարցը», եզրակացնում է իրանցի հոդվածագիրը։

Հայաստանում, տարբեր կուսակցությունների եւ հանրության դժգոհության պայմաններում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ամենեւին չհապաղեց հաղթահարելու հայ-թուրքական հարաբերությունների տաբուն։ Այժմ երկու կողմերն էլ հայտնվել են միակողմանի մայրուղու վրա, որը չունի վերադարձի ճանապարհ։ Կողմերն ստիպված են շարունակել ճանապարհը։

Այսպիսով, համադրելով բոլոր հարցերը, պետք է խոստովանել, որ այս խաղի հետագա քայլերում Թուրքիան, հօգուտ Հայաստանի, տանուլ է տալու Ղարաբաղը։

Թուրքերը Արեւմուտքում, հատկապես` ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, հայկական լոբբիստական շարժմանը դիմակայելու եւ դեպի Եվրամիություն տանող ճանապարհը հարթելու նպատակով, ստիպված էին բարեկամության ձեռք մեկնել Հայաստանի կառավարությանը։ Սակայն Թուրքիան այնպիսի իրավիճակում չէ, որ կարողանա Ղարաբաղի հարցը պարտադրել Հայաստանին։ Փաստորեն, եղբայրական Ադրբեջանը զոհաբերվում է Թուրքիայի 40-ամյա երազանքի` Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին", եզրակացնում է իրանցի վերլուծաբանը։