Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ուժեղ քամիներով ուղեկցվող հորդառատ անձրեւները խլել են առնվազն 27 մարդու կյանք, այդ թվում 8 երեխայի, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Փոթորիկները շաբաթ ուշ երեկոյան գրոհել են Խայբեր-Պախտունխվա նահանգի չորս շրջանների վրա, զոհվածների թվում են 5 եղբայր ու քույր՝ 2-ից 11 տարեկան:
«Առնվազն 12 մարդ ողջ-ողջ թաղվել է տանիքի ու պատերի փլուզումից հետո», - ասել է բնական աղետների դեմ պայքարի նահանգային վարչության ներկայացուցիչ Թայմուր Ալի Խանը:
Իշխանությունները բոլոր չորս շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել:
Այդ ընթացքում փոթորիկը Արաբական ծովով շարժվում է Պակիստանի եւ Հնդկաստանի ափեր, սպասվում է, որ այն ցամաք դուրս կգա շաբաթավերջին:
Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ կսկսեն 8000-ից մինչեւ 9000 ընտանիքի տարհանումը Սինդ նահանգի ափի երկայնքով, այդ թվում, Կարաչի նավահանգստային քաղաքից, որտեղ բնակվում է մոտ 20 միլիոն մարդ:
Երկուշաբթի օրվանից բանակը կբացազատվի՝ օգնություն ցուցաբերելու համար:
Բնական աղետների դեմ պայքարի գործակալությունը կիրակի օրը հաղորդել է, որ երեքշաբթի երեկոյան փոթորիկը կուղեկցվի քամիներով եւ քաղաքներում ջրհեղեղով:
Հարեւան Հնդկաստանում օդերեւութաբանական վարչությունը հաղորդել է, որ փոթորիկը հավանաբար կանցնի Գուջարաթ նահանգի Սաուրաշտրա եւ Կուտչ շրջաններով ու Պակիստանին սահմանակից ափամերձ տարածքով հինգշաբթի կեսօրին:
Նախազգուշացվել էր, որ փոթորիկը հավանաբար ցամաքին կհարվածի որպես մմրիկ՝ քամու առավելագույն կայուն՝ 125-135 կմ/ժամ արագությամբ, երբեմն հասնելով մինչեւ 150 կմ/ժամի:





























