Եմենի կառավարամետ ուժերի եւ ենթադրյալ «Ալ-Քաիդայի» գրոհայինների  միջեւ երկրի հարավում տեղի ունեցած բախումների ընթացքում երեք մարդ է զոհվել շաբաթ երեկոյան։ Այս մասին, ըստ The Associated Press-ի, հայտնել են զինվորական պաշտոնյան եւ ցեղախմբերի առաջնորդները:

Մարտական գործողությունները սկսվել են շաբաթ երեկոյան, երբ զինյալները Շաբվա մարզում Ալ-Մուսնայա քաղաքի մոտ գնդացիրների կիրառմամբ հարձակվել են Շաբվայի պաշտպանության ուժերի վրա, որոնց աջակցում են Արաբական Միացյալ Էմիրությունները:

Ըստ նրանց՝ մարզում փոխհրաձգությունը տեւել է մի քանի ժամ, որի հետեւանքով զոհվել է Շաբվայի պաշտպանության ուժերի երեք մարտիկ եւ մեկ գրոհային, ինչից հետո զինյալները նահանջել են։

Եմենում ավերիչ քաղաքացիական պատերազմը սկսվել է 2014 թվականին:

«Ալ-Քաիդան՝ Արաբական թերակղզում» խմբավորումը, որը հայտնի է նաեւ AQAP հապավումով, գործում է պատերազմի մեջ ներքաշված Եմենի մի քանի տարածաշրջաններում, ներառյալ Շաբվան ու այլ հեռավոր մարզեր, եւ համարվում է ահաբեկչական ցանցի ամենավտանգավոր մասնաճյուղերից մեկը:

Armed Conflict Location & Event Data Project նախագծի տվյալով՝ Եմենում զինված հակամարտության ընթացքում ավելի քան 150 հազար մարդ է զոհվել, ներառյալ ավելի քան 14,5 հազար քաղաքացիական անձինք, ինչը հանգեցրել է աշխարհի ամենավատթար մարդասիրական ճգնաժամերից մեկին: