ԱՄՆ-ի խոշոր մայրուղու մի հատվածը Ֆիլադելֆիայում փլուզվել է այն բանից հետո, երբ դրա տակ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իշխանություններին:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Արեւելյան ափի հյուսիսային ուղու փլուզված I-95 հատվածի բեկորներից ծուխ է բարձրացել: Ութ գծով երկու ուղղությամբ երթեւեկությունը դադարեցվել է հարավային ուղղությամբ ճանապարհահատվածի կառուցվածքային ամբողջականության մասին կասկածների պատճառով:
Մայրուղին Ֆիլադելֆիայի խիտ բնակեցված հյուսիս-արեւելյան մասում է եւ քաղաքը միացնում է իր հյուսիսային արվարձաններին:
Ամռանը կիրակի օրերին դրանից սովորաբար օգտվում են լողափերին հանգստի սիրահարները, որոնք վերադառնում են Ջերսիի ափերից։ Շաբաթվա ընթացքում այն լի է ուղեւորներով եւ տրանսպորտային միջոցներով, որոնք մեկնում են Բոստոն, Բալթիմոր եւ Վաշինգտոն:
Հրշեջները պայքարում էին ուժեղ կրակի դեմ, որը ծագել էր մեքենայում, լրագրողներին հայտնել է Ֆիլադելֆիայի հրշեջ գումարտակի ղեկավար Դերեք Բոումերը:
Անձնակազմերը որոշ ժամանակ կաշխատեն եւ կփորձեն պարզել՝ արդյո՞ք վթարի հետեւանքով վնասվել են վառելիքի կամ գազի խողովակաշարերը:
Արտակարգ դրությունների գծով քաղաքային վարչության տնօրեն Դոմինիկ Միրեպեսն, իր հերթին, հայտարարել է, որ պաշտոնյաները անհանգստացած են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությամբ, պայմանավորված Դելավեր գետի հարեւանությամբ:





























