Վարժական հավաքներին ներգրավվում են պահեստազորում հաշվառված բոլոր քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով պիտանի են կանչվելու վարժական հավաքների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Սահմանափակում է նախատեսված միայն պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված այն անձանց համար, որոնք կարող են վարժական հավաքների կանչվել զորացրման օրվանից ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
Վարժական հավաքների ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ «Պատիվ ունե» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեսյբուքյան էջում գրել էր, որ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք:
«Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ «նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա:
Եթե գլխավոր խնդիրը պահեստազորի մարտունակության հարցն է, ապա հավաքների առաջին հերթին պետք է ներգրավել այն անձանց, ովքեր 7-8 ու ավել տարի առաջ են ծառայել ու ակնհայտորեն նրանց հետ աշխատելու տեղ կա»,- գրել էր նա:




























