Անհրաժեշտ է փակել օրենսդրական սողանցքը անբարեխիղճ ներմուծողների համար, որոնք չեն պահպանում ռազմավարական պաշարի ձեւավորման պահանջը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունիսի 13-ին ասել է ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը։

Օրենքի պահանջների համաձայն՝ խոշոր ներմուծողները պետք է ձեւավորեն ռազմավարական պաշարներ եւ ամեն ամիս (մինչեւ ամսի 15-ը) ՆԳՆ-ին տեղեկացնեն դրանց առկայության կամ տեղափոխման մասին։ Այս ժամկետի պահպանման համար այժմ, մասնավորապես, առաջարկվում է տուգանքներ սահմանել. առաջին անգամ ընկերությունը նախազգուշացում կստանա, իսկ 30 օր հետո իշխանությունները կնշանակեն պահանջվող ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով տուգանք։ 60 օր հետո այդ ցուցանիշը կավելանա՝ հասնելով 100 տոկոսի։

Իսկ ինչ վերաբերում է ապրանքների արժեքի որոշմանը, ապա, ըստ փոխնախարարի, հիմք կընդունվի ներմուծվող ապրանքի միջին տարեկան արժեքը՝ հաշվարկված Վիճակագրության պետական կոմիտեի կողմից։

Բացի այդ, ընկերություններին թույլ կտրվի  հաշվետվություններ ներկայացնել ոչ միայն թղթային, այլեւ էլեկտրոնային ձեւով։ Դրա համար կստեղծվի համապատասխան պլատֆորմ։