Եռանախագահող երկրներից յուրաքանչյուրն իր ձեւաչափն ու ակտիվանալու ղարաբաղյան գործընթացում եւ ակտիվանում է պարբերաբար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ազգային Ժողովի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջիկա տարածաշրջանային այցը:
Մինասյանը որեւէ լուրջ վտանգ չի տեսնում Ֆրանսիայի ակտիվացումից: «Ավելին, կարծում եմ` մենք մեր դիրքորոշումը պետք է հստակ ներկայացնենք, կապված ղարաբաղյան կարգավորման հետ, մասնավորապես բանակցային գործընթացում Ղարաբաղի ներգրավելու հարցում: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, քանի որ տարածաշրջանային այց է, եւ առնչվում է դրա հետ, հնարավորինս պետք է Ֆրանսիայի նախագահին ներկայացվի պարզ ու հստակ դիրքորոշում, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցի շաղկապումը դա թուրքական քաղաքականության արտահայտումն է, եւ չի կարող լինել որեւէ հարաբերություն Թուրքիայի հետ, քանի դեռ Թուրքիան իր կեցվածքը բացատրում է Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ»,- նկատել է Մինասյանը:
Դաշնակցական պատգամավորը նաեւ չի կարծում, թե Ֆրանսիան վերջին շրջանում ակտիվ չի եղել բանակցային գործընթացում: «Այլ բան, որ դա հրապարակային ներկայացվածության աստիճանով չի քարոզվել այն մակարդակով, ինչ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: Լինելով Եվրամիության ակտիվ երկիր, ղարաբաղյան կարգավորման գործընթացում ըստ էության ներկայացնելով ԵՄ-ն, Ֆրանսիան տարբեր ձեւերով եւ տարբեր մակարդակներով իր ակտիվությունը ցուցաբերել է: Նույնիսկ չեմ էլ կասկածում, որ Ֆրանսիան իր ակտիվությունը համաձայնեցրել է մյուս եռանախագահողների հետ: Ֆրանսիան փորձում է իր պատկերացումները ներկայացնել ղարաբաղյան կարգավորման հարցում»,- ամփոփել է Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պետական այցով Հայաստան է այցելելու հոկտեմբերի 6-ին: Նա նաեւ կլինի Վրաստանում եւ Ադրբեջանում:




























