ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել երեքշաբթի օրը Մայամիի դատարանում առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահի դեմ հարուցված դաշնային քրեական մեղադրանքներում, հայտնում է Financial Times-ը:

Թրամփը մեղադրել է դատախազներին «վհուկների որսի» մեջ՝ անդրադառնալով մեղադրանքին, ըստ որի ինքն, իբր, չի վերադարձրել ազգային անվտանգության գաղտնի փաստաթղթերը պաշտոնը թողնելուց հետո։

Ջեք Սմիթը` գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդի կողմից նշանակված հատուկ խորհրդականը, որը պետք է վերահսկի նախկին նախագահի հետաքննությունը, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, դատարանի դահլիճում է եղել:

Դատարանի շենք մտնելուց քիչ առաջ իր Truth սոցիալական հարթակում օրը նկարագրելով որպես «մեր երկրի պատմության ամենատխուր օրերից մեկը»՝ Թրամփը հայտարարել է. «Մենք անկում ապրող պետություն ենք»:

Մեղադրական եզրակացությունները կարող են փոխել 2024 թվականի նախագահական արշավի ընթացքը, որտեղ Թրամփն ակնհայտ ֆավորիտ է որպես Հանրապետական կուսակցության թեկնածու:

Թրամփը երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում մտել է Ֆլորիդայի դատարանի շենք՝ դուրս գալով մոտակա Դորալի իր առողջարանային հյուրանոցից: Ժամանելուց հետո նա ձերբակալվել է և մոտ երկու ժամ անց լքել շենքը։ Լսումներից հետո նա կանգ է առել Մայամիի հայտնի կուբայական Վերսալ ռեստորանում, որտեղ ողջունել է համախոհներին, որոնք երգել են «Happy Birthday»: Չորեքշաբթի Թրամփը դառնում է 77 տարեկան։

Թրամփի ելույթից հետո նրա դեմ և կողմ ցուցարարները հավաքվել են, նույնիսկ ծեծկռտուք են կազմակերպել դատարանի շենքի մոտ՝ ծածանելով դրոշներ և վանկարկելով կարգախոսներ։