Ոստիկանությունը խուզարկել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի տունը։ Քննչական գործողություններն իրականացվել են 2007թ. լիբիական իշխանությունների կողմից նրա ընտրարշավի հնարավոր ֆինանսավորման գործի շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է dpa տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով դատական աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ քննիչները հարցաքննել են պետության նախկին ղեկավարին։ Նոր ստուգումների առիթ է հանդիսացել գլխավոր վկայի նախկին ցուցմունքներից հրաժարվելը։

Ֆրանս-լիբիական գործարար Զիյադ Թաքիեդդինը 2016թ. հայտարարել էր, որ 2006թ. վերջին կամ 2007թ. սկզբին եղել է միջնորդ Լիբիայի իշխանություններից Ֆրանսիայի ՆԳՆ-ին «փողով ճամպրուկները» հանձնելիս, ՆԳՆ-ն այդ ժամանակ ղեկավարում էր Սարկոզին։ Փողերն իբր օգտագործվել են նրա ընտրարշավի ֆինանսավորման համար։ Ավելի ուշ Թաքիեդդինը անսպասելիորեն հրաժարվել է իր բառերից։

Ֆրանսիական դատական մարմինները հետաքննում են վկայի վրա ճնշում գործադրելու փաստը, նշել է dpa գործակալությունը։