ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Նյու Ջերսիում իր կողմնակիցների առջեւ, նշել է, որ երկրի ներկայիս նախագահ Ջո Բայդենը կաշառք է ստացել ուկրաինական էներգետիկական ընկերությունից, երբ զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Նախկին նախագահի խոսքով՝ իր դեմ ներկայացված մեղադրանքները «ներկայիս լրտեսությունից եւ հանցագործություններից ուշադրությունը շեղելու փորձ են»։
«Եկեք պայմանավորվենք եւ նրան մեղադրանքներ ներկայացնենք, որպեսզի ոչ ոք չխոսի 5 մլն դոլարի կաշառքի մասին»,- ավելացրել է նա։
Թրամփը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ավելի վաղ ամերիկացի սենատոր Չաք Գրասլին հայտարարել էր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ապացույցներ ունի, որ Բայդենը կաշառք է ստացել Burisma Holdings ուկրաինական էներգետիկական ընկերությունից։ Սակայն, ինչպես նշել է Թրամփը, ՀԴԲ-ն «դրանք ցույց չի տալիս»։
«Հիշեք, նրանք ինձ իմփիչմենթի ենթարկեցին Ուկրաինայում Բայդենի կոռուպցիոն կապերի մասին պարզ հարցի պատճառով, եւ հիմա ակնհայտ է, որ ես ճիշտ էի»,- ասել է նա։
ԱՄՆ նախկին նախագահն ավելացրել է, որ գործող նախագահը եւ «արմատական ձախերը կարող են կաշառք ստանալ արտասահմանից եւ լիովին պաշտպանված մնալ»։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության պնդումներն այն մասին, թե ինքը հանցակից է կոռուպցիային, անհեթեթություն են։
Մինչ այդ ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հավաստել էր այն փաստաթղթերի առկայության (FD-1023) մասին, որոնք հաստատում են փոխնախագահ եղած ժամանակ Ջո Բայդենի հանցակցությունը կաշառք ստանալու քրեական սխեմային։





























