Թերթը գրում է, որ կիրակի օրը ՀԱԿ-ի նստացույցի ժամանակ ելույթ ունենալով` դերասան Աշոտ Ադամյանը սուր քննադատության ենթարկեց Հայաստանի մշակութային կյանքը:

«Դերասանը խոսքը մասնավորեցրեց սերիալների մասով: Նա դժգոհեց, որ մենք մեր տանը գերի ենք սերիալների ձեռքին, որոնք ներխուժում են յուրաքանչյուրիս բնակարան, հոգիներս լցնում աղբով, եւ այլն, եւ այլն (դերասանն ավելի կոպիտ բառերով բնորոշեց մեր սերիալային եթերը): Աշոտ Ադամյանը նաեւ հույս հայտնեց, որ հանրահավաքի մասնակիցներից ոչ մեկը չի դիտում այդ եղկելի սերիալները: 

Բնականաբար, Աշոտ Ադամյանը ուրախ կլինի, որ հանրահավաքի մասնակիցները սերիալ նայողներ չլինեն, որովհետեւ նայողները դրանցում կտեսնեին նաեւ իրեն: Նույն ինքը` Աշոտ Ադամյանը, որը սուր քննադատության է ենթարկում մեզ փչացնող այդ սերիալները, բոլորովին վերջերս ակտիվորեն ներգրավված էր հանրությանը փչացնելու գործում: Նա TV-5 հեռուստաալիքով հեռարձակվող «Փախուստ» սերիալում մաֆիայի պարագլխի դերն էր կատարում, իսկ Հ2-ի հեռարձակած «Բանալի» սերիալում մարմնավորում էր սուրբ հոր դերը:

Իհարկե, մենք երկու ձեռքով պաշտպանում ենք ցանկացած գործչի, ով իր բողոքի ձայնն է բարձրացնում այդ խառնափնթոր աղբի դեմ, բայց հարցի մյուս կողմն էլ այն է, թե ով իրավունք ունի խոսելու սերիալների վատ կողմերի մասին: Կամ գուցե պարոն Ադամյանը մեզ համոզի, որ «Փախուստ» կրիմինալ սերիալը դաստիարակչական նշանակությո՞ւն ուներ»,- գրում է «Երկիր»-ը: