Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում հոկտեմբերի 30-ին իրենց թեկնածությունն են առաջադրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ Հայ ազգային կոնգրեսի առաջադրմամբ, եւ Արա Սիմոնյանը՝ «Ազգային Միաբանություն» կուսակցությունից: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց թիվ 10 ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանը: Փաշինյանի փաստաթղթերը քիչ առաջ ներկայացվել են ԸԸՀ-ին:
Հիշեցնենք, որ մինչ այս իրենց թեկնածությունն են առաջադրել գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, անկուսակցական, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը եւ դերասան Վլադիմիր Կոստանյանը:
Առաջադրվելու ցանկություն են հայտնել նաեւ Տիգրան Ուրիխանյանը՝ Առաջադիմական կուսակցությունից եւ Սուրեն Սուրենյանցը՝ «Հանրապետություն» կուսակցությունից:
Այս ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ գործարար Խաչատուր Սուքիասյանը հրաժարական էր տվել՝ դա պատճառաբանելով հանգամանքով, թե «չի ցանկանում աշխատել նման անողնաշար խորհրդարանում»:




























