Բժշկասոցիալական փորձաքննության հատուկ հանձնաժողովը գնահատում է ոչ միայն մարդու առողջական վիճակը, այլեւ նրա ֆունկցիոնալությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ մեկնաբանելով 44-օրյա պատերազմի հետեւանքով վերջույթները կորցրած զինծառայողների հաշմանդամության աստիճանը փոխելու գործընթացը։
Դրանից ելնելով էլ վերջնական գնահատական է հնչում։
Խոսելով հաշմանդամության աստիճանի փոփոխության պատճառների մասին՝ Մկրտչյանը, մասնավորապես, հայտնեց․ «Դա պայմանավորված է նրանով, որ մարտական գործողությունների մասնակիցները հիմնականում հաշմանդամության որոշակի աստիճան են ստացել մինչեւ պրոթեզավորման գործընթացն անցնելը։ Այդ ժամանակ մեր զինվորները ֆունկցիոնալության խնդիրներ ունեին։ Հետեւաբար, այդ ժամանակահատվածում նրանք լիովին կարող էին ստանալ հաշմանդամության առաջին աստիճանը»,-նշեց նախարարը։
Նա հստակեցրեց, որ պրոթեզավորումից հետո մարդիկ կրկին փորձաքննություն են անցնում։ Եվ եթե հաստատվում է, որ անձի ֆունկցիոնալությունը վերականգնվել է, նրա հաշմանդամության աստիճանը փոխվում է։





























