ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւոմ է, թե ինչ է անում Ռուսաստնն իր միջուկային պոտենցիալը, բայց առայժմ որեւէ տագնապալի փոփոխություն չի տեսնում, տեղեկացրել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Բրյուսելում դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումից առաջ։

Հանդիպման շրջանակում տեղի կունենա նաեւ դաշինքի Միջուկային պլանավորման խմբի նիստ, որտեղ կքննարկվեն «Ռուսաստանի զսպման» հարցերը։

«Մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է անում Ռուսաստանը, բայց որեւէ փոփոխություն չենք տեսնում նրա պոտենցիալի հարցում, որը կպահանջեր մեր պատասխան քայլերը։ Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ավելի շատ ներդրումներ է կատարում նոր ժամանակակից միջուկային հնարավորություններում, ինչպես նաեւ նոր շատ հնարավորություններ է գործադրում՝ ներառյալ ՆԱՏՕ-ի սահմանին, մասնավորապես՝ ծայր Հյուսիսում»,- ասել է Սթոլտենբերգը, որի կարծիքով ռուսական միջուկային հռետորաբանությունը վտանգավոր է։

Նա ընդգծել է, որ ռուսական գործողություններին դաշինքն արդեն արձագանքել է արեւելյան թեւում ուժեղանալով. «Մենք կշարունակենք հետեւել եւ անհրաժեշտ որոշումներ կայացնել»։