Առանց Կոսովոյի հյուսիսում իրավիճակի լիցքաթափման անհնար է շարունակել ԵՄ-ի աջակցությամբ ընթացող երկխոսությունը Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ։ Այս մասին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին հղած պատասխան նամակում, տեղեկացրել է Euractiv-ը։
Նա քննադատել է խաղաղության պլանը, որն առաջարկել է Կուրտին ավելի վաղ։ «Մենք չենք կարող հասնել առաջընթացի հարաբերությունների կարգավորման հարցում, քանի դեռ գործ ունենք ճգնաժամի կառավարման հետ։ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն շատ ներդրումներ են ունեցել կարգավորման հացում, եւ մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես է այն առաջ ընթանում»,- գրել է նա։
Բորելը նշել է, որ Կուրտիի պլանը չի ներառում «կարեւոր այն տարրերը, որոնք հրահրել են ներկայիս ճգնաժամը», եւ Պրիշտինային կոչ է արել ավելի վճռական քայլեր ձեռնարկել իրավիճակի լուծման համար։
Մասնավորապես, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պահանջում են դադարեցնել ոստիկանական գործողությունները երկրամասի հյուսիսում մունիցիպալ օբյեկտների շուրջ, ինչպես նաեւ՝ որպեսզի հայտարարվեն արտահերթ տեղական ընտրություններ չորս մունիցիպալիտետներում։
«Միայն Կոսովոյի հյուսիսում խաղաղության եւ կայունության հաստատումից հետո մենք կկարողանանք կենտրոնանալ կարգավորման վրա»,- գրել է Բորելը։
Նա ընդգծել է, որ Կոսովոյում Սերբական մունիցիպալիտետների ասոցիացիայի ստեղծման աշխատանքը պետք է սկսվի «առանց որեւէ ձգձգման կամ նախապայմանի»։
Բորելը հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել Կուրտիի եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հանդիպումը, բայց պայմանով, որ Կոսովոն կանի «անհրաժեշտ քայլերը լիցքաթափման համար»։
Չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին նամակ է ուղարկել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին, որում նկարագրել է Պրիշտինայի առաջարկները Բելգրադի հետ իրավիճակի վերաբերյալ։ Կուրտիի պլանը պարունակում է հինգ կետ, որոնք ներառում են իրավակարգի վերականգնումը Կոսովոյի հյուսիսում, չճանաչված հանրապետության տարածքից իշխանության ներկայացուցիչների դեմ բռնություն կիրառած խմբավորումների դուրսբերումը, անվտանգության համատեղ գնահատականներ մտցնելը տարածաշրջանի ոստիկանության, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, արտահերթ ընտրությունների հայտարարումը հյուսիսային մունիցիպալիտետներում եւ Պրիշտինայի ու Բելգրադի վերադարձը երկխոսության Բրյուսելի միջնորդությամբ։
Բելգրադի եւ Պրիշտինայի հարաբերությունները սրվել են այն բանից երեք ամիս հետո, երբբ նրանք պայմանավորվել էին իրականացնել ԵՄ-ի աջակցած համաձայնագիրը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Իրավիճակը Կոսովոյում սրվել է ալբանացիներին Կոսովոյի հյուսիսում չորս մունիցիպալիտետների ղեկավար նշանակելու պատճառով ապրիլի 23-ի ընտրությունների արդյունքներով, որոնք սերբ բնակչությունը բոյկոտել է։ Նրանց մուտքը մունիցիպալիտետներ բողոքներ է առաջացրել։





























