Արեւմուտքը բացահայտ հայտարարում է, որ մտադիր է օգտագործել ազգայնական կազմավորումները, որոնք պատրաստվում են Ուկրաինայում, զինված ճանապարհով Բելառուսում իշխանությունը տապալելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով արտասահմանյան երկրների դեսպանների հավատարմագրերը։
«Ուկրաինայում ինտենսիվորեն պատրաստվում են ազգայնական կազմավորումներ՝ կազմված բոլոր տեսակի սրիկաներից։ Արեւմուտքում բացահայտ հայտարարում են, որ մտադիր են օգտագործել դրանք զինված ճանապարհով Բելառուսի օրինական իշխանությունը տապալելու համար»,- ասել է Լուկաշենկոն, գրել է ԲելՏԱ-ն։
Լուկաշենկոն նաեւ նշել է Բելառուսի դեմ մտցվող պատժամիջոցների անօրինական լինելը. «Եվ որտե՞ղ են այդ բոլոր միջազգային կազմակերպությունները, որոնք այդ ամենը տեսնում են՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը, երբ մեզ արդեն երրորդ տասնամյակն է՝ խեղդում են անօրինական պատժամիջոցներով»։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Բելառուսը, որպես միջազգային հանրույթի ինքնուրույն եւ պատասխանատու մասնակից, էական ավանդ է ներդնում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության համակարգում։ «Մենք պատրաստ ենք համագործակցության մասին երկխոսություն վարել ցանկացած երկրի հետ, որը կհարգի բելառուս ժողովրդի ընտրությունը, կընդունի մեր պետության ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ավելացրել է նա։





























