Ուկրաինայի դաշնակիցները հակահարձակման ժամանակ ուկրաինական բանակին բարձր տեմպերով կապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հունիսի 15-ին Բրյուսելում Ռամշթայնի ձեւաչափով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստից առաջ։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարածքում «ռազմական մարաթոն» է սկսվել։
«Ուստի մենք այսօր կքննարկենք ամենահրատապ կարիքները, որոնք առաջ է քաշում Ուկրաինան։ Մենք նաեւ նպատակադրվելու ենք երկարաժամկետ հեռանկարին եւ երկարաժամկետ խաղաղությանը Ուկրաինայի համար, որն ապրում է նման հարեւանի կողքին»,-ասել է Օսթինը։
Նա նշել է, որ կոնտակտային խումբը կկենտրոնանա այն բանի վրա, որ Ուկրաինան կարողանա ՀՕՊ համակարգերի միջոցով պաշտպանել իր բնակչությանն ու կրիտիկական ենթակառուցվածքը:
«Եվ նման համակարգերի շնորհիվ Ուկրաինան դիմակայում է դրոնների հարձակումներին եւ հրթիռային հարվածներին։ Մենք խոսում ենք Patriot եւ NASAMS համակարգերի մասին, որոնք ուկրաինացիների կյանքն են պահպանում։ Եվ այսօր մենք ավելի խորն ենք փորելու, որպեսզի Ուկրաինան ստանա նոր արկեր, ՀՕՊ համակարգերի զինամթերք»,-հավաստիացրել է Պենտագոնի ղեկավարը։
«Մեր գործընկերները նաեւ մշակում են ուկրաինացի զինվորականների ուսուցման հետագա պլանները»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ընթանում է Ռամշթայնի ձեւաչափով արդեն 13-րդ նիստը, որի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի համար կործանիչների կոալիցիան եւ ռազմական օգնության ուժեղացումը՝ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումն ապահովելու համար։





























