Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, շվեդաբնակ Արամայիս Միրզախանյանն իր բողոքն է հայտնել, որ արդեն տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացիության չի տրվում Ժիրայր Սեֆիլյանին եւ Սարգիս Հացպանյանին, ովքեր վաղուց ապրում են Հայաստանում:

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեից» NEWS.am-ին հայտնում են, որ այս առնչությամբ, «Գալա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում սփյուռքահայ գործածարը, մասնավորապես, ասել է.

«Կա խտրականություն սփյուռքահայության նկատմամբ։ Կան սփյուռքահայեր, որոնք գտնվում են Հայաստանում եւ ցանկանում են ստանալ ՀՀ քաղաքացիություն, բայց չեն ստանում։ Ես պետք է ճշգրիտ անուններով նշեմ. դա Ժիրայր Սեֆիլյանն է, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը եւ Սարգիս Հացպանյանը, որը Ղարաբաղում մարտնչած եւ հսկայական օգնություն կատարած անձնավորություն է, ֆրանսահայ։ Ես այդ մարդու հետ տասնյակ անգամներ եղել եմ Ղարաբաղում։ Այս երկու անձնավորությունները բանտարկվել են՝ Ժիրայր Սեֆիլյանը 1.5 տարի, Սարգիս Հացպանյանը 2.5 տարի եւ երկուսն էլ ազատ են արձակվել, այսինքն եթե անգամ նրանք ունեցել են ինչ-որ մեղք, հանցանք, այն արդեն ավարտված է եւ այս մարդիկ այսօր ապրում են Երեւանում, բայց նրանց մերժվում է տալ ՀՀ քաղաքացիություն։ Սա ի՞նչ խտրականություն է։ Դա ինչ-որ մեկի քմահաճույքն է։ Ես որպես սփյուռքահայ բողոքում եմ եւ պահանջում, որպեսզի այս մարդկանց տրվի ՀՀ քաղաքացիություն։ Ավելացնեմ նաեւ, որ եթե  այդ երկու անձնավորություններին մոտակա ապագայում չտրվի ՀՀ քաղաքացիություն, ապա ես իմ բողոքը կարտահայտեմ նրանով, որ ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» ստացած մեդալը կվերադարձնեմ ԼՂՀ Նախագահին, որի ձեռքից ի դեպ ստացել եմ այն»: