ԱՄՆ-ն ուժեղացրել է Ռուսաստանի գործողությունների քննադատությունը մարդկանց առեւտրի ոլորտում՝ 2023թ. մարդկանց առեւտրի մասին պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում վկայակոչելով Մոսկվայի վերաբերմունքը նորակոչիկների եւ ուկրաինացի երեխաների հետ կապված, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը մարդկանց առեւտուրը հովանավորող պետությունների ցուցակում է մնում։ Բացի այդ, զեկույցի հեղինակները Ռուսաստանն անվանել են աշխարհի ամենավատ երկրներից մեկն այդ խնդրի լուծման գործում։

Ռուսաստանին նվիրված բաժինը պարունակել է ավելի շատ քննադատություն, քան անցած տարի, Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից մարդկանց բռնելու հետ կապված։ Զեկույցում հիշատակվում է նաեւ «հազարավոր ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը Ռուսաստան», ինչը Միջազգային քրեական դատարանի դատական հետապնդման առարկա է ռուս պաշտոնյաների, ներառյալ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։

«Գոյություն ունի պետական քաղաքականություն... ուկրաինացի քաղաքացիների առեւտրի հետ կապված,- նշվել է զեկույցում։- Տեղեկություններ են ստացվել նաեւ այն մասին, որ ռուս պաշտոնատար անձինք հարկադրել են, խաբել կամ ստիպել մեծահասակ օտարերկրյա քաղաքացիներին մասնակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին»։

Լրագրողների հետ զրույցում հինգշաբթի օրը զեկույցը մեկնաբանելով՝ պետդեպարտամենտի մարդկանց առեւտրի մոնիթորինգի եւ դրա դեմ պայքարի վարչության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Սինդի Դայերը նշել է, որ Միացյալ Նահանգներն «ակտիվորեն հետեւում է» մարդկանց առեւտրի ոլորտում տիրող իրավիճակին, որն ստեղծվում է Եվրոպայում Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։

Հիշեցնելով, որ 2023թ. մայիսի դրությամբ Ուկրաինայից ռուսական ագրեսիայի հետեւանքով փախել է ավելի քան 8 մլն մարդ, Դայերն ասել է, որ ԱՄՆ-ն «նախկինի պես խորապես մտահոգ է մարդկանց առեւտրով, որին բախվում են Ուկրաինայից փախստականները»։