Չինական Huawei եւ ZTE հեռահաղորդակցային ընկերությունների սարքավորումների օգտագործումը 5G ցանցերում կարող է ԵՄ-ի համար «ավելի զգալի ռիսկեր» պարունակել, քան այլ մատակարարողների արտադրանքը, կարծում է Եվրահանձնաժողովը։ «5G ցանցերի կիբեռանվտանգությանն ուղղված քայլերի» մասին հայտարարությունը, որում ուշադրություն է դարձվում ԵՄ հնարավոր սպառնալիքներին չինական ընկերություների հետ աշխատելիս, հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում։
5G ցանցերը կարեւոր ենթակառուցվածքներ են, որոնք ազդում են ներքին շուկայի գործունեության, ինչպես նաեւ ԵՄ սոցիալական եւ տնտեսական գործառույթների վրա, նշել է Բրյուսելը։ Դրանից ելնելով՝ փաստաթղթում ընդգծվում է «լուրջ անհանգստությունը» Եվրամիության անվտանգության ռիսկերի հետ կապված, որոնք պարունակում են «բջջային կապի սարքավորումների որոշ մատակարարներ»։
ԵՄ որոշ երկրներ արդեն հրաժարվել էին Huawei-ի եւ ZTE-ի սարքավորումները գնելուց։ Դրան նպաստել էր Եվրամիությունում 5G Toolbox-ի ստեղծումը, որը հանձնարարականների ցուցակ է լրտեսական եւ դիվերսիոն գործողություններից ազգային բջջային ցանցերի պաշտպանության վերաբերյալ։ Բրյուսելը դրական է գնահատում այդ պետությունների գործողությունները եւ նշում է, որ Եվրահանձնաժողովը «ձեռնպահ կմնա ապագայում այդ երկու ընկերությունների սարքավորումների օգտագործմամբ ծառայություններից»։
Ներքին շուկայի հարցերի գծով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը նման միջոցներ ընդունելու կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին։ «Մենք չենք կարող մեզ թույլ տալ պահպանել կախվածությունները, որոնք կարող են օգտագործվել որպես զենք մեր շահերի դեմ»,- ընդգծել է Բրեթոնը։





























