Ազգային Ժողովի պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը խորհրդարանական առաջիկա ընտրություններում կրկին առաջադրելու է իր թեկնածությունը: Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքից ընտրված պատգամավորն այս մասին հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Արզաքանցյանն իրեն գործարար չի համարում, հետեւաբար մտավախություն չունի այն խոսակցություններից, թե ՀՀԿ-ն որոշել է առաջիկա խորհրդարանում նվազեցնել գործարար պատգամավորների թիվը: «Շատ շուտվանից է, որ գործերով անձամբ չեմ զբաղվում: Ես գործարանատեր եմ, բայց գործարարությամբ չեմ զբաղվում արդեն: Խումբը, կոլեկտիվը, ուպրավլենին, որ տվել եմ, զբաղվում են: Ընկերություններ ունեմ, որ աշխատում են իրենց ղեկավարությամբ»,- ասել է նա:
Հարցին, թե բարեխղճորե՞ն է կատարում օրենսդիրի իր պարտականությունները, Արզաքանցյանը պատասխանեց` այո:
Որեւէ օրենքի նախագիծ մշակե՞լ եք վերջին շրջանում:
Էս վերջին շրջանո՞ւմ: Վերջին շրջանում ընկերների հետ խմբով մասնակցել եմ բոլոր օրենքների վրա: Մեր խումբը, տնտեսական հանձնաժողովը ինչ օրենքներ, որոշումներ է կատարել, խորհրդակցել ենք իրար հետ:
Որեւէ օրենքի համահեղինակ եղե՞լ եք:
Էս վերջում ոչ:
Իսկ սկզբո՞ւմ:
Սկզբում, այո, տվել ենք:
Պատգամավորը` սակայն այդպես էլ չհիշեց, թե ինչ օրինագծեր է ներկայացրել: Այստեղ նրան օգնության հասավ օգնականը եւ նրա փոխարեն հայտնեց, որ երկու օրինագիծ ունի Տիգրան Արզաքանցյանը, որոնք անցած նստաշրջանում դրվել են շրջանառության մեջ` «Կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ գույքահարկի մասին:
Պատգամավորը նաեւ հայտնեց, որ դեռ առողջական խնդիրներ ունի, սակայն «քիչ է մնացել»:
Նշենք, որ ըստ Parliamentmonitoring.am կայքի, Տիգրան Արզաքանցյանն Ազգային Ժողովի ամենաշատ բացակայող պատգամավորների տասնյակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: 2010թ. աշնանային եւ 2011թ. գարնանային նստաշրջանների ընթացքում նա բացակայել է 295 քվեարկությունից, եւ մասնակցել է ընդամենը 11 քվեարկության:




























