Իրաքից Ռուսաստան է արտահանձնվել «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեջ մեղադրվող կինը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Ռուսաստանի ՆԳՆ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի եւ ՌԴ ԱԴԾ աշխատակիցների ուղեկցությամբ Իրաքից արտահանձնվել է Լեյլա Գատագաժեւան։ Մեր երկրում նա մեղադրվում է կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ, որը ՌԴ օրենսդրության համաձայն ահաբեկչական է ճանաչվել»,-ասել է Վոլկը։

Ոստիկանությունը պարզել է, որ 2016-ի հոկտեմբերին Գատագաժեւան ժամանել է Սիրիա, որտեղ կամավոր անդամակցել է միջազգային ահաբեկչական կազմակերպության կազմում անօրինական զինված կազմավորմանը: «Գատագաժեւան օգնություն է ցուցաբերել վիրավոր գրոհայիններին, զբաղվել է նրանց համազգեստի, սննդի հարցերով, ինչպես նաեւ սեփական դրամական միջոցներով նրանց ապահովել է զենքով»,-ասել է Վոլկը:

Բաղդադի օդանավակայանում շաբաթ օրը կնոջը փոխանցել են Ռուսաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։