ԱՄՆ-ն հատուկ միջոցներ չի ձեռնարկի ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին Ուկրաինայի անդամակցության համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է AFP-ը։

«Նրանք պետք է համապատասխանեն նույն չափանիշներին։ Այնպես որ, մենք չենք պատրաստվում հեշտացնել այդ խնդիրը»,-Վաշինգտոնում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Մեկնաբանությունները հնչել են մյուս ամիս Լիտվայում ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպման նախաշեմին: Որպես խորհրդանշական քայլ՝ դաշինքի առաջնորդները մտադիր են Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացնել ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ուրբաթ օրը Բրյուսելում հայտարարել է դաշինքի ղեկավար Յենս Սթոլթենբերգը։

Այդ հանդիպումը Կիեւին ավելի հավասար տեղ կտա բանակցությունների սեղանի շուրջ «անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների եւ որոշումների ընդունման համար»,նշել է Սթոլթենբերգը։