ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը աֆրիկյան մի շարք պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տեղյակ է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկների մասին՝ նշելով, որ Ռուսաստանը բաց է երկխոսության բոլոր նրանց հետ, ովքեր հանդես են գալիս խաղաղության օգտին, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Ողջունում ենք աֆրիկյան բարեկամների հավասարակշռված մոտեցումը ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ։ Հարգելի՛ բարեկամներ, մենք գնահատում ենք հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու Ձեր շահագրգռվածությունը, անմիջապես դրական արձագանքեցինք ուկրաինական խնդրի շուրջ բանակցություններ վարելու Ձեր առաջարկներին»,-ասել է նա։

Պուտինը հավելել է, որ տեղյակ է տվյալ համատեքստում կոնկրետ գաղափարների եւ առաջարկների մասին: 

«Մենք Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի հետ մեկ անգամ չէ, որ խոսել ենք այդ թեմայով, ես նրան շնորհակալ եմ, որ բարձրացնում է այդ հարցը։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել՝ մենք բաց ենք կառուցողական երկխոսության բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են արդարության սկզբունքների հիման վրա խաղաղություն հաստատել եւ հաշվի առնել կողմերի օրինական շահերը»,-ասել է նա։