Ուկրաինայում իրավիճակի զարգացման հետ կապված Ռուսաստանի գործողությունների տրամաբանությունն անթերի է միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Հենց Կիեւի ռեժիմն է սանձազերծել այդ պատերազմը 2014 թվականին։ Մենք՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, իրավունք ունեինք նրանց օգնություն ցուցաբերել՝ վկայակոչելով ինքնապաշտպանության կետը։ Հարգելի գործընկերներ, այս տրամաբանությունը, որը շարադրված է իմ եւ իմ գործընկերների ու փորձագետների կարծիքով, անթերի է միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից»,-ասել է Պուտինը Պետերբուրգում աֆրիկյան մի շարք պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն իրավունք ուներ ճանաչելու Դոնբասի անկախությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ «Այդ տարածքներն իրավունք ունեին հայտարարելու իրենց անկախությունը։ Ուրեմն մեզ մոտ իրավունք է առաջացել ճանաչել դրանք։ Մենք դա արեցինք: Իսկ հետո, ստորագրելով նրանց հետ բարեկամության եւ փոխգործակցության մասին պայմանագիր, մենք ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան իրավունք ունեինք այդ աջակցությունը ցուցաբերել նրանց։ Քանի որ Կիեւի ռեժիմը բազմիցս փորձել է լուծել այդ խնդիրը զինված ճանապարհով»,-ասել է Պուտինը։

«Հարգելի բարեկամներ, ոչ թե մենք, այլ Ուկրաինայի ղեկավարությունն է հայտարարել, որ ոչ մի բանակցություն չի վարի։ Ավելին, Ուկրաինայի գործող նախագահը ստորագրել է համապատասխան դեկրետ, որն արգելում է այդ բանակցությունները։ Դրա համար ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, կիսում եմ այն, եւ, անշուշտ, մենք պատրաստ ենք քննարկել ձեր ցանկացած առաջարկ, բայց մենք չենք հրաժարվել բանակցություններից։ Հրաժարվել է ուկրաինական կողմը։ Նույնիսկ դեկրետ են ստորագրել։ Ի՞նչ են ուզում մեզնից»,-հավելել է Պուտինը։