Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ աֆրիկյան պետությունների առաջարկները կառուցված են 10 տարրերի վրա, դրանք չպետք է մրցակցության մեջ մտնեն այլ խաղացողների գաղափարների հետ, հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Աֆրիկյան յոթ պետություններ հանդես են եկել խաղաղության որոնման նախաձեռնությամբ, մենք հենց խաղաղություն ենք փնտրում։ Մենք կցանկանայինք փորձել միջնորդ հանդիսանալ այս հակամարտության շրջանակներում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության հասնելու համար։ Մենք կցանկանայինք Ձեզ առաջարկել 10 կետ»,-ասել է նա շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում աֆրիկյան պետությունների ղեկավարների եւ Պուտինի միջեւ հանդիպման ժամանակ։

Ռամաֆոսան նշել է, որ Սանկտ Պետերբուրգ ժամանած առաջնորդները կցանկանային լսել Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը, ինչպես նախօրեին լսել էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը:

«Նա (Զելենսկին) մեզ մի շարք հարցեր է տվել, եւ մենք նրան պատասխանել ենք, որ հանդիպում ենք անցկացնելու Ձեզ հետ, եւ այդ հանդիպմանը նույնպես կլսենք Ձեր տեսակետը այս պատերազմի վերաբերյալ»,-ասել է Ռամաֆոսան։

ՀԱՀ նախագահի խոսքով՝ պատերազմը չի կարող հավերժ շարունակվել։

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով աֆրիկյան մայրցամաքը բացասական հետեւանքների է ենթարկվում տնտեսության ոլորտում, բարձրացել են էներգակիրների եւ պարարտանյութերի, ինչպես նաեւ պարենային ապրանքների գները: