Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հեռախոսազրույցում քննարկել է հանրապետության հարաբերությունները Եվրամիության հետ, որին որպես լիիրավ անդամ անդամակցության նա ձգտում է հասնել գրեթե 20 տարի: Նա Եվրամիությանը կոչ է արել «իրավական մոտեցումներ» ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ՝ նշելով, որ տարածաշրջանային մարտահրավերների հաջողությունը մեծապես կախված է Անկարայի եւ Բրյուսելի միջեւ կապերի ամրապնդումից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Էրդողանի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Էրդողանը նշել է, որ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հաջողության ուղին անցնում է Թուրքիայի հետ ԵՄ փոխգործակցության ամրապնդմամբ։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ցուցաբերվող իրավական մոտեցումները եւ նրա լիիրավ անդամակցության աջակցությունը թույլ կտան նոր հորիզոններ բացել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ Եվրամիությանը երկրի լիիրավ անդամակցությունը Անկարայի ռազմավարական նպատակն է: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն ընթանում են 2005 թվականից եւ բազմիցս դադարեցվել են: Բանակցային գործընթացում խոչընդոտներից մեկը Կիպրոսի հարցն է։ Ներկայումս բացվել են այսպես կոչված բանակցային դոսյեի 35 գլուխներից 16-ը։