ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում է գտնվում կարևոր այցով, որը նպատակ ունի կարգավորել Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերությունները՝ վերջին ամիսների ընթացքում սրված լարվածությունից հետո, տեղեկացնում է CNN-ը։
Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչի համաձայն, Չինաստանում Բլինքենի հիմնական նպատակը կապի ուղիների, հատկապես զինվորականների, Վաշինգտոնի և Պեկինի միջև ուղիղ կապի վերականգնումն է։
Բլինքենն ասել է, որ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումներում մտադիր է անդրադառնալ «մի շարք հարցերում մեր շատ իրական մտահոգություններին»։ Այս խնդիրների թվում են, այսպես կոչված, «ֆենտանիլային ճգնաժամը», Թայվանի և նեղուցի հարցերը, ուկրաինական պատերազմը և Չինաստանի կողմից ամերիկյան քաղաքացիների ձերբակալումը։
Բլինքենն ուրբաթ հայտարարել էր նաև, որ մտադիր է «ուսումնասիրել համապարփակ տնտեսական կայունութան, ապօրինի սինթետիկ թմրանյութերի, կլիմայի, առողջապահության ոլորտներում համագործակցության հնարավորությունը, այն հարցերում, որտեղ մեր երկրների շահերը հատվում են, և մնացյալ աշխարհը մեզնից համագործակցություն է ակնկալում»։





























