Շվեյցարիայի ընտրողները կիրակի ընտրատեղամասեր են գնում, որպեսզի որոշում ընդունեն մի օրինագծի վերաբերյալ, որն ուղղված է երկրում ջերմոցային գազերի արտանետման կտրուկ սահմանափակման   նոր կլիմայական միջոցառումներ մտցնելուն, տեղեկացնում է The Associated Press-ը։

Հանրաքվեն նախաձեռնել է  գիտնականների և շրջակա միջավայրի պաշտպանների խումբը, որը զբաղվում է Շվեյցարիայի հայտնի սառցադաշտերի փրկությամբ, որոնք հալչում են սպառնալի արագությամբ։

Խմբի մասնակիցները նախապես առավել հավակնոտ միջոցներ էին առաջարկում, սակայն ավելի ուշ պաշտպանեցին կառավարության ծրագիրը, որը պահանջում է Շվեյցարիայից մինչև 2050 թ․ հասնել արտանետումների «մաքուր զրոյի»։ Այն նաև ավելի քան 3 մլրդ շվեյցարական ֆրանկ (3,357 մլրդ դոլար) է հատկացնում, որպեսզի օգնի ընկերություններին և տնատերերին հրաժարվել հանածո վառելիքից։

Շվեյցարիայի ազգային ժողովրդական կուսակցությունը, որը օրինագծի համաժողովրդական քվեարկություն է պահանջել, պնդում է, որ առաջարկվող միջոցառումները էլեկտրաէներգիայի գնի թանկացման կհանգեցնեն։

Ծրագրի կողմնակիցները պնդում են, որ Շվեյցարիան խիստ կտուժի գլոբալ տաքացումից և արդեն նկատում է իր հայտնի սառցադաշտերի համար ջերմաստիաճանի բարձրացման հետևանքները։

Անցյալ տարի շվեյցարական սառցադաշտերը ռեկորդային հալեցում են ունեցել՝ կորցնելով իրենց ծավալի ավելի քան 6%-ը, ինչը տագնապեցրել է գիտնականներին, որոնք ասում են, որ 2%- ի կորուստը ժամանակին ծայրահեղ կհամարվեր։