Մալիի ընտրողները կիրակնօրյա հանրաքվեում քվեարկում են սահմանադրության նոր նախագծի օգտին, որը, ըստ երկրում պետական հեղաշրջման առաջնորդ, գնդապետ Ասիմի Գոյտայի, ճանապարհ կհարթի 2024 թվականին նոր ընտրությունների անցկացման համար, սակայն քննադատներն այն անվանել են իշխանության մնալու նպատակով ժամանակ շահելու տակտիկա, տեղեկացնում է The Associated Press-ը։

Քվեարկության նախօրեին պետական հեռուստատեսությամբ հաղորդված հայտարարության մեջ գնդապետ Գոյտան հավաստիացրել էր  Մալիի բնակիչներին, որ սահմանադրության առաջարկվող նախագիծը «նախատեսում է առավել կազմակերպված գործադիր իշխանություն՝ օրենսդիր իշխանության հետ անհրաժեշտ հավասարակշռության պահպանմամբ»։

Սակայն իմամ Մահմուդ Դիկոն՝ ռազմական խունտայի հակառակորդը, ուրբաթ իր կողմնակիցներին հրավիրել էր Բամակոյի մեծ դահլիճ, որպեսզի խնդրի նրանց քվեարկել նախագծի դեմ։

Առաջարկվող նախագիծը նախատեսում է երկպալատ խորհրդարանի՝ Ազգային ասամբլեայի և Սենատի, ստեղծում։ Մինչև հիմա երկրում եղել է միայն Ազգային ծողով։ Նախագիծը նաև ամրապնդում է Մալիի նախագահի դիրքերը, և այդ քայլը բազմաթիվ քաղաքական վիճաբանությունների տեղիք է տվել։