Ավելի քան մեկ տարի առաջ ֆուտբոլային «Չելսի» ակումբի վաճառքից ստացված 2,3 մլրդ ֆունտ ստերլինգը կարող է այս տարի չհասնել Ուկրաինա կամ էլ ընդհանրապես չհասնել։

Ըստ երևույթին, խնդիրն այն է, որ Ռոման Աբրամովիչն ուզում է գումարի զգալի մասը հատկացնել Ռուսաստանին կամ, ավելի ճիշտ, հակամարտությունից տուժած ռուսաստանցիներին։ Եվ ոչ բրիտանական կառավարությունը, ոչ էլ Եվրոպական հանձնաժողովը չեն համաձայնվի այդ քայլին, քանի Ռուսաստանի դեմ գործում են պատժամիջոցներ Ուկրաինայի դեմ Վլադիմիր Պուտինի ագրեսիայի պատճառով, գրում է  Daily Mail-ը։

«Զարմանալի է, բայց, թվում է, որ Աբրամովիչը, որ ինքն էլ պատժամիջոցների տակ է պուտինյան ռեժիմի հետ մերձավոր կապերի համար, պետք է միջոցների հատկացման կարգադրություն ստորագրի, ինչից նա մինչև հիմա հրաժարվել է, որովհետև ցանկանում է, որ փողը բաշխվի ամբողջ Ռուսաստանով, ինչպեսև Ուկրաինայում»,- նշում է պարբերականը։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության աղբյուրները հաստատել են, որ դա այդպես է, և մատնացույց են արել անցյալ շաբաթ նախարար Ջեյմս Քլեվերլիի հայտարարությունը, որ ինքը չի կարող երաշխավորել, որ գումարը կհատկացվի նախքան հաջորդ շաբաթ կառավարության արձակուրդ գնալը։

Աբրամովիչն անցյալ տարի հարկադրված էր վաճառել «Չելսին»՝ իմանալով, որ ընկնելու է պատժամիջոցների տակ։ Ամերիկացի միլիարդատեր Թոդ Բոելին ակումբի դիմաց 2,5 մլրդ ֆունտ ստերլինգ էր վճարել, իսկ գործարքի հետ կապված ծախսերից հետո մնացել է 2,3 մլրդ։ Վաճառքի ժամանակ Աբրամովիչի  մամուլի ծառայությունն ասել էր, որ նա «ուզում է, որ վաճառքից  ստացված գումարը փոխանցվի բարեգործական հիմնադրամ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունից երկու կողմերում տուժածների կարիքների համար»։

2,3 մլրդ ֆունտ ստերլինգը  մնում են Մեծ Բրիտանիայում, Աբրամովիչի վերահսկողության տակ գտնվող Fordstam ընկերության սառեցված բանկային հաշվում, և արտգործնախարարությունն առայժմ գումարը փոխանցելու հավանություն չի տվել։

Գումարի հատկացման կանոնները, թույլ են տալիս դրանք փոխանցել բացառապես Ուկրաինայի համար հումանիտար նպատակներով։