«Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաների ու միջազգային իրավագետների կողմից բազմիցս ասվել է, որ այս արձանագրություններից հիմնական շահողը թուրքական կողմն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու հավելեց. «Ի դեպ, հետաքրքիր հարցում է անցկացվել Թուրքիայում: Եթե գործընթացի սկզբում թուրք բնակչության 70 տոկոսը դեմ է եղել հայ-թուրքական արձանագրություններին, ապա հիմա 70 տոկոսը կողմ է: Այսինքն այնտեղ քարոզչությունը բավականին ազդեցիկ է եւ թուրք հասարակության մեջ սկսել են հասկանալ, որ վավերացումից հետո շահող կողմն իրենք են»:

«Պարզապես նրանք կփորձեն քամած կիտրոնից եւս մի քանի կաթիլ կորզել՝ Ղարաբաղի հարցի շուրջ լայն քննարկում ծավալելով` որպես նախապայման: Դա կբերի ինչ-որ փաստաթղթերին կից առարկությունների կամ վերապահումների, ես դեռեւս ասել չեմ կարող, բայց որ քարոզչական հնարավոր առավելությունները նրանք կփորձեն քաղել, սա ակնհայտ է, ինչը մեր պարագայում քիչ անհավանական է, որովհետեւ մեր պաշտոնյաները հայտարարում են, թե Թուրքիային պատասխանելը թուլություն կլինի: Հավանաբար կատվի պես լռելը ուժի նշան է»,- ասաց դաշնակցական գործիչը:

Դիտարկմանը, թե Թուրքիայում կարծիքներ են հնչում, որ սահմանը բացվելուց հետո հայերը կարող են գալ ու Թուրքիայի տարածքում հողատարածքներ գնել, արդյո՞ք հնարավոր է, որ ՀՀ իշխանությունը նման ծրագրեր իրականացնի, Վ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայաստանի իշխանությունը կարող է, իսկ կոնկրետ այս իշխանությունը` ոչ»: Նրա խոսքով, «այդքան էլ հեշտ չէ գնալ ու Սեւրի պայմանագրով մեզ պատկանող բոլոր հողերը գնել, քանի որ Թուրքիայում հստակ սահմանափակումներ կան այդ առումով»: