ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը վերլուծություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի կարիքների համար Երևանի Բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով կազմակերված մրցույթի շրջանակներում, ինչի համար հիմք է հանդիսացել գնման գործընթացի վերաբերյալ NEWS.am կայքում հրապարակված տեղեկատվությունը։ Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողության վարչության պետ Կարեն Մնացականյանը NEWS.am-ի հացմանն ի պատասխան, խմբագրությանն է տրամադրել հրապարակված վերլուծության արդյունքները, որում ուշագրավ մանրամասներ են առկա։
Նշենք, որ ««Թաքնված թվեր, անճշտություններ»․ ինչպե՞ս է հաջողվել գործարար Ղուկաս Գրիգորյանի ընկերությանը հաղթել խոշոր տենդերում» վերտառությամբ հունիսի 4-ին հրապարակված հոդվածում NEWS.am-ն անդրադարձել էր Երևանի բուսաբանական այգու 30 հա տարածքում նախատեսվող՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշապուրակի կառուցապատման համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի արձանագրություններին, որոնց բովանդակությունը որոշակի կասկածների տեղիք էր տվել։
Համաձայն Ֆինանսների նախարարության գնումների համակարգի պաշտոնական կայքում առկա գնման պայմանագրի՝ Երևանի Բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթին մասնակցել է հինգ ընկերություն, այդ թվում՝ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, «Բիդեք» ՍՊԸ-ն, «Հիդրոգեոշին» ՍՊԸ-ն և «Ավետիս-Խեցի» ՍՊԸ - «Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումը։ Մասնակիցներից չորսի առաջարկած գները եղել են 6 մլրդ դրամի սահմաններում։ Մրցույթում նվազագույն գինն ( 4, 5 մլրդ դրամ) առաջարկել է «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որի հետ էլ մայիսի 18-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել։ Պայմանագրով՝ ընկերությունը պարտավորվել է կառուցապատման աշխատանքներն իրականացնել 2 տարի 4 ամսում (ըստ պայմանագրի՝ 900 օրացուցային օր)։
ՊՎԾ-ն, վերլուծելով մրցույթի գնահատող հանձնաժողովի արձանագրությունները, անդրադարձել է 2023թ․ մարտի 23-ին հրավիրված հանձնաժողովի նիստին, որտեղ ստուգվել են բացված յուրաքանչյուր հայտում պահանջվող փաստաթղթերի առկայությունը և համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Գնահատման արդյունքում մասնակիցների կողմից առկա են եղել անհամապատասխանություններ սահմանված պայմաններին, մասնավորապես.
««Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացրած ծավալաթերթում եղել են անճշտություններ՝ միավոր գներում եղել են թաքնված թվեր, «Ավետիս-Խեցի» ՍՊ և «Արտ Պլաս» ՍՊ ընկերությունների կոնսորցիումի ներկայացրած հայտում բացակայել է համատեղ գործունեության պայմանագիրը, «Հիդրոգեոշին» ՍՊԸ-ի ներկայացրած ծավալաթերթը հաստատված չի եղել էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հիմք ընդունելով Կարգի 41-րդ կետը 2 ՝ Հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցրել է նիստը և էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակիցներին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունները:
Հայտերի գնահատման ժամկետի լրանալու նախորդ աշխատանքային օրը՝ 2023 թվական ապրիլի 7-ին, Մրցույթի քարտուղար Վաչագան Մեժունցի կողմից զեկուցագիր է ներկայացվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյանին՝ Հանձնաժողովի կողմից հայտերում առկա անհամապատասխանությունները հրավերի պահանջների նկատմամբ ոչ լիարժեք գնահատման վերաբերյալ:
Վերջինս խնդրել է կարգադրել կասեցնել Հանձնաժողովի գործունեությունը մինչև 3 աշխատանքային օր ժամկետով, միաժամանակ, մինչև կասեցման ժամկետի ավարտը հանձնարարել աշխատակազմի իրավաբանական վարչությանը տալ իրավական եզրակացություն վերը նշված խնդրի վերաբերյալ: Երևանի քաղաքապետի թիվ 507-Ա կարգադրությամբ 3 օրով կասեցվել է Հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև նույն օրը հարցում է կատարվել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ Հանձնաժողովի կողմից կայացված որոշման վերանայման հնարավորության վերաբերյալ: 2023 թվականի ապրիլի 12-ին Երևանի քաղաքապետի թիվ 539-Ա կարգադրությամբ, մինչև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վերոնշյալ հարցման պատասխան ստանալը, կասեցվել է Հանձնաժողովի գործունեությունը: 2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան գրությամբ պատասխանվել է, որ համաձայն Կարգի 27-րդ կետի, եթե Հանձնաժողովը չի ապահովում գնումների մասին օրենսդրության պահանջների կատարումը, ապա քարտուղարի զեկուցագրի հիման վրա, պատվիրատուի ղեկավարի հրամանով կասեցվում է Հանձնաժողովի գործունեությունը և հանձնարարվում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը տալ իրավական եզրակացություն, ինչի հիման վրա կարող է վերանայվել Հանձնաժողովի որոշումը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ՝ Տարոն Մարգարյանի համապասխան գրությամբ տրվել է եզրակացություն, համաձայն որի՝ Հանձնաժողովի հրավերով նախատեսված պայմանների համապատասխանության գնահատման վերաբերյալ որոշումներն ենթակա են վերանայման: Հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի գրությունները՝ 2023 թվականի ապրիլի 20-ի Երևանի քաղաքապետի թիվ 591-Ա կարգադրությամբ Հանձնաժողովին հանձնարարվել է վերանայել 2023 թվականի մարտի 23-ին կայացած Հանձնաժողովի նիստի N 4 արձանագրությամբ հաստատված որոշումները: 2023 թվականի ապրիլի 21-ին տեղի է ունեցել Մրցույթի Հանձնաժողովի նիստը, որտեղ արձանագրվել են, որ հայտերում առկա են անհամապատասխանություններ և մեկ աշխատանքային օրով կասեցվել է նիստը, միաժամանակ էլեկտրոնային եղանակով անհամապատասխանությունների մասով ծանուցվել է մասնակիցներին և առաջարկվել է մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունները: 2023 թվականի ապրիլի 26-ին տեղի է ունեցել Մրցույթի Հանձնաժողովի նիստ և արձանագրվել է, որ սահմանված ժամկետում շտկվել են հայտերում արձանագրված անհամապատասխանությունները հրավերի պահանջների նկատմամբ:
Բոլոր հայտերը գնահատվել են բավարար և ընտրված մասնակից է ճանաչվել բավարար գնահատված հայտ և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը: Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ Պատվիրատուն իր գործողություններում առաջնորդվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներով և Մրցույթի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչվել բավարար գնահատված հայտ և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը»,-ասված է ՊՎԾ-ի ներկայացրած վերլուծությունում։
Ծառայությունից միաժամանակ տեղեկացնում են, որ համաձայն «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ «...Պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոլորտներում ուսումնասիրություններ կամ ստուգումներ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ծառայությունը վարչապետի սահմանած կարգով կարող է միջնորդություն ներկայացնել իրավասու մարմին` իրականացնելու տվյալ մարմնի լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ` արդյունքների վերաբերյալ տեղեկացնելով ծառայությանը:
ՊՎԾ-ի համապարփակ վերլուծությամբ, ըստ էության, հիմնավորվեց առաջ քաշված այն վարկածը, որ Հանձնաժողովը և Երևանի քաղաքապետարանը նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերության հայտը բավարար գնահատելու համար համապատասխան իրավական հիմքեր են ստեղծել։ Սա նշանակում է, որ եթե չլինեին ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի գրությունները, «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն պարզապես դուրս կմնար մրցույթից։ Այսպիսով, մնում է արձանագրել, որ Ղուկաս Գրիգորյանի ընկերությունը քաղաքապետարանի բարձր «իրավական հովանու» ներքո ստացել է որոշակի մրցակցային առավելություն և 4,5 մլրդ դրամի պայմանագիր կնքել պատվիրատուի հետ։ Հետաքրքիր է, արդյոք քաղաքապետարանը կամ Հանձնաժողովը այս նույն ջանասիրությամբ իրավական աջակցություն կցուցաբերեի՞ն, եթե մրցույթի մասնակիցը լիներ շարքային ընկերություն։
Գործարքի՝ պետության և պատվիրատուի համար շահավետ լինելուն անդրադառնալը վաղ է․ այն հնարավոր կլինի գնահատել միայն կառուցապատման աշխատանքների ավարտից հետո, սակայն աչք փակել գնման գործընթացի վրա և փաստել, թե մրցակցության հավասար պայմաններ են ապահովվել բոլոր մասնակիցների համար, արդար չէ, իսկ «Գնումների մասին» ՀՀ օրենքի հիմնական նպատակներից մեկը՝ գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարության սկզբունքն ապահովելն է։





























