Իրանցի գործարարները կարծում են, որ առաջիկայում Պարսից ծոցի արաբական երկրների հետ առեւտրում կարող է տեղի ունենալ մեծ թռիչք Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ քաղաքական մերձեցման ֆոնին, տեղեկացրել է Tasnim-ը։

Արտահանման իրանական համադաշնության նախագահ Մոհամադ Լահոտին երեքշաբթի հայտարարել էր, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կապերի բարելավումը կընդլայնի Արաբական Միացյալ Էմիրություններում՝ տարածաշրջանի վերարտահանման խոշոր կենտրոնում ապրող եւ աշխատող իրանցիների առեւտրային հնարավորությունները։

Լահոտին ասել է, որ իրանական բիզնեսը լուրջ դժվարություններ ուներ ԱՄԷ-ում 2016-ից ի վեր, երբ Թեհրանը եւ Աբու Դաբին իջեցրել էին իրենց կապերի մակարդակը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերություններում առկա խնդիրների պատճառով։

Նա ասել է, որ ապրանքաշրջանառությունն Իրանի եւ ԱՄԷ-ի միջեւ երկու ամսում՝ մինչեւ մայիսի վերջ, ավելացել է եւ հասել 3 մլրդ դոլարի, տեղեկացրել է Press TV-ն։

Գործարարը նշել է, որ Իրանի արտահանումը Սաուդյան Արաբիա հասել է 15 մլն դոլարի մի քանի ամսում, մարտից սկսած, երբ երկու երկրները որոշեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Չինաստանում ստորագրված համաձայնագրով։

Նա ասել է, որ Իրանն ակնկալում է, որ տարեկան ապրանքաշրջանառությունը Սաուդյան Արաբիայի հետ առաջիկայում կավելանա՝ հասնելով 2 մլրդ դոլարի, եւ ավելացրել է, որ թագավորությունում գոյություն ունի իրանական արտադրության պողպատի եւ լեռնամետալուրգիական արտադրանքի, ինչպես նաեւ չոր ընկույզի, գորգերի եւ սալահատակի մեծ պահանջարկ։