Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չորեքշաբթի խոստացել է, որ իր կառավարությունը կմոբիլիզացնի քաղաքականության բոլոր հասանելի գործիքները աշխատավարձի բարձրացման համար՝ նշելով, որ անհրաժեշտ է ավելացնել աշխատողների աշխատավարձը՝ փոխհատուցելու համար գնաճն ու խթանելու համար տնտեսական աճը, տեղեկացրել է Reuters-ը։

«Կան (տնտեսական) վերականգնման բազմախոստում նշաններ, ինչպիսին են բաժնեթղթերի գները 33-ամյա առավելագույնի համար,- ասել է Կիսիդան խորհրդարանի հերթական նստաշրջանի ավարտին նվիրված մամուլի ասուլիսում։- Աշխատավարձի բարձրացումը կհասնի 30-ամյա առավելագույնին (3 տոկոսից ավելի), իսկ ներքին ներդրումները հասել են 100 տրլն իենի (704 մլրդ դոլար)։ Ճապոնիայի տնտեսությունում նկատվել են դրական տեղաշարժեր»։

Հարցին, թե կա արդյոք լրացուցիչ բյուջեի կազմման անհրաժեշտություն, որպեսզի տնտեսությունն արագացվի, Կիսիդան ասել է, որ «այժմ չի դիտարկում լրացուցիչ բյուջեի մասին հարցը»։

Նա նշել է, որ որոշում կընդունի այն մասին, թե արդյոք լրացուցիչ ինչ-որ ծախսեր կպահանջվեն հետագայում՝ ուշադրության առնելով մինչ այդ ձեռնարկված քայլերի հետեւանքները եւ համաշխարհային էներգետիկ շուկաների միտումները։

Ճապոնիայի ՀՆԱ-ն հունվար-մարտին ավելացել է 2,7 տոկոսով տարեկան կտրվածքով, ինչը շատ ավելի բարձր է նախնական գնահատականից, քանի որ վերանայված կապիտալ ծախսերը եւ ընկերությունների մասնավոր սպառումը փոխհատուցել են  համաշխարհային պահանջարկի  դանդաղումը։