«Երեք ավանդական կուսակցությունները` ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ, վերջին ամիսների ընթացքում սփյուռքյան տարբեր գաղութներում բազմաթիվ համատեղ հայտարարություններ են ստորագրել, համատեղ ակցիաներ կազմակերպել, կլոր սեղաններ, կոնֆերանսներ անցկացրել, որոնք հիմնականում նվիրված են եղել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին, արձանագրություններին եւ նաեւ ԼՂ հարցին»,- այսօր մեկնաբանելով երեք ավանդական կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք բարձր են գնահատում ազգային հարցերում բոլոր ուժերի համագործակցության կարեւորությունը: Նրա խոսքով, այդ հանդիպման ժամանակ քննարկվել է հետագա համագործակցության ձեւաչափը, որն իր մեջ ներառում է համատեղ գործողություններ արտերկրում ու Հայաստանում:
Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն Հայ ազգային կոնգրեսի կազմում է եւ արմատական դիրքերից պահանջում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ ահա ՀՅԴ-ն չի կիսում այդ տեսակետը: Ավելին. Վահան Հովհաննիսյանը կտրականապես մերժում է ՀԱԿ-ի հետ համագործակցությունը որեւէ այլ ոլորտում, բացի այն դեպքից, եթե ՀԱԿ-ը միանա հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարին:
Նշենք նաեւ, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը տեղյակ չի եղել երեք կուսակցությունների ղեկավարների հանդիպումից: «Հանդիպման մասին տեղյակ չէի, բայց կարծում եմ՝ շատ նորմալ է, որ համահնչակյան կենտրոնի ատենապետը մյուս ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպել է եւ հայ-թուրքական հարցերի, Սփյուռքի հարցերի շուրջ խոսել. հնարավոր է, որ նման հարցեր են շոշափվել»,- նշել է Լ. Սարգսյանը:




























