«Ես սկզբունքորեն դեմ չեմ, որպեսզի Հայատանում ցեղասպանությունը մերժելու համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրենք ընդունվի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, սակայն հավելեց, որ դրան անմիջապես կհետեւի եվրոպական կառույցների` Վենետիկի հանձնաժողովի, ԵԽ-ի ու ԵԱՀԿ-ի բացասական արձագանքին: Նա հիշեցրեց, որ դեռեւս 2007 թվականին ԵԱՀԿ Ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների գրասենյակը կոչ էր արել Թուրքիային վերացնել տխրահռչակ 301-րդ հոդվածը, ինչպես նաեւ Ֆրանսիային` չընդունել հայերի ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ նախատեսող օրենք, քանի որ դրանք հակասում են եվրոպական չափանիշներին:
Ա. Սաֆարյանի խոսքով, եթե անգամ Հայաստանում այդպիսի օրենք ընդունվի, ապա դա ժամանակավոր կյանք է ունենալու, քանի որ միջազգային կազմակերպություննեի ճնշման ներքո այն կհանվի: «Պատկերացրեք, որ մի քանի տարի հետո Թուրքիան վերացնի 301-րդ հոդվածը եւ միջազգային կառույցները պարտադրեն, որ մենք վերացնենք այդ օրենքը, ինչպե՞ս ենք աշխատելու»,- ասաց նա: Իսկ ԲՀԿ-կան մեկ այլ պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ նման օրենք ընդունելը կնշանակի, որ մենք չենք վստահում մեր քաղաքացիներին եւ մտածում ենք, որ նրանք կարող են ուրանալ ցեղասպանությունը:




























