Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը բաց է թողել հինգշաբթի նախատեսված ելույթը համաժողովում՝ ասելով, որ դեռ շնչառական խնդիրներ ունի ճողվածքի վիրահատությունից հետո, տեղեկացրել է Reuters-ը։

«Ես դեռ անզգայացման ազդեցության տակ եմ, շնչառությունս լավ վիճակում չէ»,- ասել է Ֆրանցիսկոսը Կաթոլիկական արեւելյան եկեղեցու ժողովում՝ ավելացնելով, որ դրա փոխարեն պատվիրակները կստանան ելույթի տեքստը։

Հարցին, թե ինչպես է նա իրեն զգում, 86-ամյա հովվապետը պատասխանել է. «Դեռ ողջ եմ»։

Հռոմի պապը հունիսի 7-ին ենթարկվել էր ճողվածքի վիրահատության։ Նա ինն օր մնացել է հիվանդանոցում, եւ լարված ժամանակացույց է ունեցել անցած ուրբաթ Վատիկան վերադառնալու պահից, ներառյալ հանդիպումը Կուբայի եւ Բրազիլիայի նախագահների հետ։

Նա ունեցել է ութ միջոցառում հինգշաբթի օրվա համար։